Կորոնավիրուսը նահանջում է. եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում ֆորսմաժորային վիճակ չառաջանա, ապա արդեն օգոստոսի 13-ին կվերացնեն արտակարգ դրությունը: Իսկ դա իր հերթին ենթադրում է Հայաստանում քաղաքական լրիվ նոր իրավիճակի ստեղծում:
Ռևանշի ուժերը գրոհելու են բոլոր հնարավոր ճակատներով: Նրանք դա նախատեսել էին դեռ գարնանը, բայց կորոնավիրուսը և արտակարգ դրությունը հետաձգեցին իրենց ծրագրերի իրագործումը:
Այդ ընթացքում տեղի ունեցան գործընթացներ, որոնք ավելի շահեկան դարձրեցին ռևանշիստների մեկնարկային դիրքերը:
Առաջին. կորոնավիրուսը լրջագույն վնաս հասցրեց տնտեսությանը և շարունակում է հասցնել: Նույն պատկերն է ամբողջ աշխարհում, սակայն ռևանշիստների համար մեծ հորիզոններ են բացվել մանիպուլյացիաների համար:
Երկրորդ. Տեղի չունեցավ սահմանադրական դատարանի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեն: Այդ հանրաքվեում իշխանության վստահ հաղթանակը կլիներ լուրջ հաղթաթուղթ քաղաքական պայքարի շրջանակներում: Ոչ միայն տեղի չունեցավ հանրաքվեն, այլև ՍԴ ճգնաժամը մինչև վերջ չհանգուցալուծվեց, իսկ իշխանության կողմից խնդրահարույց համբավ ունեցող մեկին դատավորի պաշտոնին առաջադրելը, գրեթե զրոյացրեց տարած փոքր հաղթանակը: Համենայնդեպս, իշխանությանն այսօր այդ հարցով քննադատում են բոլոր նրանք, ովքեր առաջամարտիկ էին Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու իշխանության ծրագրերում: Անհասկանալի վարքագծի պատճառով, իշխանությունը կորցնում է շատ լուրջ դաշնակիցներ:
Իրավիճակը կարող է մի փոքր շտկվել, եթե, այնուամենայնիվ, Վահրամ Ավետիսյանը մերժվի խորհրդարանական մեծամասնության կողմից, իսկ նրա թեկնածության առաջադրումը դիտարկվի իբրև փոքրիկ բյուզանդական վրեժխնդրություն՝ հոր կողմից տասնյակ մարդկանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին հանիրավի դատապարտելու համար: Իսկ, եթե պարզվի, որ իշխանությունն իսկապես ցանկանում է Դավիթ Ավետիսյանի որդուն տեսնել ՍԴ-ում, ապա այդ անհեռատես քայլի արձագանքները հասարակական ապատիայի տեսքով, իրենց երկար սպասեցնել չեն տա: Իմիջիայլոց, եթե կառավարությունը առաջադրում է մեկին, որն ունի քամահրական վերաբերմունք «Մարտի 1-ի» վերաբերյալ, ապա լրիվ տրամաբանական կլինի, եթե նախագահն էլ առաջադրի մեկին, որը կհեգնի հեղափոխությունը, իսկ դատարանների խորհուրդը կարող է չընկնել այս կամ այն կողմ և միանգամից առաջադրել Ալվինա Գյուլումյանին: Միանշանակ քննադատությունը ավելի քիչ կլինի: Դժվար իշխանությունը հակադարձի, թե ինչ կարելի է Զևսին, չի կարելի ցուլին:
Երրորդ. Մնացած դատարանների մասով վիճակն ավելի սարսափելի է: Այսօր մեղադրանքը հաստատվելու կամ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու շանսերը գրեթե նույնն են, ինչ Քոչարյանի կամ Սարգսյանի ժամանակներում. հազիվ թե որևէ ընդդիմադիր հույս ունենար, որ դատարանը կկայացնի արդար վճիռ: Օրինակ, այսօր Միքայել Մինասյանին ոչինչ չի խանգարում գալ Հայաստան և իր նկարահանումները իրականացնել Երևանում:
Այս և մի շարք այլ զարգացումները թևեր են տալիս ռևանշիստներին: Նրանք փորձելու են դուրս գալ փողոցներ և հրապարակներ ու մի քանի հարյուր հոգով, մի քանի հազարի աղմուկ բարձրացնել: Նրանք փորձելու են իմիտացիա ստեղծել, թե երկիրը եռում է, և կա շատ մեծ դժգոհություն: Նրանց մեդիաները այդ ամենը տիրաժավորելու և գեներացնելու են:
Իշխանությունը պետք է գիտակցի դաշնակիցներ կորցնելու և մարտահրավերները լուրջ չընդունելու բոլոր հնարավոր հետևանքները: Տավուշի իրադարձությունները ցուցադրեցին, որ անգամ պատերազմի ժամանակ ռևանշիստները չունեն զսպիչ արգելակներ և պատրաստ են ցանկացած արկածախնդրության՝ միայն թե տապալեն օրինական իշխանությանը և վերականգնեն կորսված դիրքերը:
Աշնանը թավիշն ընդհանրապես մոդայիկ չի լինելու. արդեն հիմա իշխանությունը պետք է պատրաստ լինի նոր գործիքակազմ բանեցնելու:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020