«Որովհետև եթե «бьет значит любит» հայ-ռուսական ասացվածքը տեղին է, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է էլ ավելի շուտ հեռանա: Իմ գրառումն այդ համատեքստում էր, դա իրավիճակային արձանագրում չէր, այլ գոյության ողջ ընթացքում հասունացած պրոբլեմների կծիկի դիտարկում». սա «Հրապարակ» թերթին Արմեն Աշոտյանի՝ հայ-ռուսական հարաբերություններին տված գնահատականն է:
«ՉԻ». Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի գլուխը խառն է. փեսայի, զարմիկների, եղբայրների և անգամ իր վրա տասնյակ քրեական գործեր կան հարուցված: Բայց ամեն դեպքում պետք է ժամանակ գտնի և Աշոտյանին ԿՏ հետազոտության ենթարկի: Այդ տղան առողջ է եղել և առողջական ակներև խնդիրները Սարգսյանին ծառայելու տարիներին է ձեռք բերել:
Եթե գլխի հետ կապված խնդիրներ չլինեին, թերևս կհասկանար, որ չարժե ցույց տալ հրճվանքը: Չարժե ցուցադրել ուրախությունը, որ Ռուսաստանը խփում է Հայաստանին: Որովհետև անգամ վերջին դավաճանին պարզ է, որ երբ Ռուսաստանը խեղճացնում էր Սերժ Սարգսյանին, ապա նախ և առաջ խեղճացնում էր Հայաստանին:
Նույնը հիմա է, միակ տարբերությամբ. Աշոտյանի շեֆը շտապում էր ի կատար ածել Կրեմլի հրահանգները, որպեսզի անձնական խնդիրներ չունենա, իսկ ներկայիս իշխանությունը փորձում է մանևրել, որպեսզի Հայաստանը խնդիրներ չունենա:
Աշոտյանի այս խոսքերը շատ տեղին կլինեին, օրինակ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը կանչվեց Մոսկվա և այնպես բամփվեց, որ ձայնը աշխարհի տարբեր մայրաքաղաքներում լսվեց: Բոլորը տեսան, թե Պուտինն ինչպես ծեծեց Սարգսյանին, և նա րոպեների ընթացքում փոխեց 5 տարի խոստացված արտաքին քաղաքական կուրսը:
Մինչդեռ դրանից հետո Սարգսյանը շարունակեց թավալ գալով դեռ 5 տարի պաշտոնավարել, իսկ Աշոտյանը երբեք չմիխիթարեց նրան, թե վատ մի զգա, եթե խփում է՝ ուրեմն սիրում է: