Թևան Պողոսյան. Կենդանակերպի նշանը՝ Ներողության գել:
Շաբաթը կանցնի ինչպես միշտ: Կխնդրեք 1955 ներողություն, 2141 պառդոն, 987 սորրի և ընդամենը 254 իզվինիտե:
Երկուշաբթի նախագահ Սարգսյանին կներկայացնեք ձեր գործունեության ամփոփագիրը: Կպարզվի, որ դուք միայնակ ավելի շատ ներողություն եք խնդրել, քան աշխարհի բոլոր նախագահների խորհրդականները միասին վերցրած:
Երեքշաբթի ավելի ուժեղ բացահայտում կլինի: Կպարզվի, որ մինչև 2018 թվականը երբեք ներողություն չեք խնդրել և այդ ցուցանիշները ապահովել եք միայն անցած երկու տարվա գործունեության արդյունքում:
Չորեքշաբթի ներողություն կխնդրեք Միքայել Մինասյանից, որ չեք կարողանում այցելել նրա խոհանոց-ստուդիան: Կստանաք պատասխան հաղորդագրությունը: Աշխատավարձի իջեցում և պահում: Դեպրեսիա և տրամադրության անկում:
Հինգշաբթի ծանրոց կստանաք Արցախից: Թթի օղին խմելուց հետո ներողություն կխնդրեք Սերժ Սարգսյանից, որ հայ ժողովուրդը մերժեց նրան: Առավոտյան կփոշմանեք, որ «զակուսկի» չարեցիք:
Ուրբաթ ներողություն կխնդրեք Ռոբերտ Քոչարյանից, որ նրան պահում են Իզմիրլյան հիվանդանոցի անմարդկային պայմաններում: Այդպիսի արգասաբեր օր վաղուց չէիք ունեցել:
Շաբաթ-կիրակի անցկացրեք միջազգային մամուլը ընթերցելով: Ի վերջո, ժամանակն է, որ դուրս գաք միջազգային ասպարեզ: Կարելի է ներողություն խնդրել սևամորթներից, Կոլումբոսի ժառանգներից, հնդիկներից, Կուկլուս խմբավորումից, Մեծ Դեպրեսիայի զոհերից, «Չոր օրենքի» ժամանակ զրկանքներ կրածներից ու Քենեդու և Օսվալդի ընտանիքներից: