...

Ավելի «բեթար» տեղ են առաջարկել

Ավելի «բեթար» տեղ են առաջարկել

Էկո վնասի փոխհատուցման հետքերով

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն» արձագանքել է հանրային պահանջի արշավին՝ ի պաշտպանություն «Նահատակ» պոչամբարի կողքին բնակվող Դանիելյանների ընտանիքի և նրանց փոխհատուցում տրամադրելու առաջարկ է արել: 

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները դեռ նախորդ տարվանից արշավ են սկսել համագյուղացի Հարություն Դանիելյանի ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու նպատակով: Նրանց տունը գտնվում է «Նահատակ» պոչամբարի մոտ:

Ընտանիքի անդամները բողոքում են պոչամբարի պատճառած վնասներից: Դանիելյանները գանգատվում են առողջական խնդիրներից, որոնք, ըստ նրանց, պոչամբարում առկա վնասակար նյութերի հետևանքով են առաջացել:

Դանիելյանների ընտանիքը պահանջում է փոխհատուցում ստանալ բնակարանի և մշակման նպատակով ոչ պիտանի դարձած տնամերձ հողամասի դիմաց: Ինչպես նաև անցկացնել ընտանիքի անդամների առողջության համալիր բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը:

Գործարանն էլ որպես էկովնասի փոխհատուցում Դանիելյաններին բնակարան է առաջարկում Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրում:

Անհամաչափ առաջարկ 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային պահանջի արշավի նախաձեռնող Օլեգ Դուլգարյանը, սակայն, այն համարժեք փոխհատուցում չի համարում: Առաջարկած բնակարանը ևս գտնվում է աղտոտված տարածքում: 

«Այն տունը, որն առաջարկում են, գտնվում է բաց հանքի մոտակայքում: Սա վատթարագույն տարբերակ է: Կան տներ, որոնք պատկանում են կոմբինատին, դրանք գնել են, որպեսզի մոտակայքում հանք շահագործվի: Մեծ հաշվով, դա ոչ պիտանի բնակարան է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց Դուլգարյանը:

Հարություն Դանիելյանն արդեն 2 անգամ հանդիպել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրինության հետ: Այսօր էլ ասել է, որ առաջարկած բնակարանը չի ընդունում: Նրա խոսքով՝ որպես փոխհատուցում ավելի վատ տարբերակ են ներկայացրել:

«Հանք են շահագործում, պայթեցման աշխատանքներ են անում և այդտեղ տներ են գնել: Դրանք այն տներն են, որոնց պատերը պայթեցումներից ճաքել են, քանդվել են: Այստեղ է առաջարկում: Ասում է՝ «ռեմոնտ» անեմ, ես էլ պատասխանել եմ՝ «ռեմոնտն» արիր, որ մի հատ պայթեցրեցիր, քո «ռեմոնտը» թափվելու է էրեխեքիս գլխին: Հիմա այնտեղից դուրս գամ, այստե՞ղ փոսն ընկնեմ: Ավելի «բեթար» տեղ են առաջարկել, քան հիմա ես ապրում եմ»,- վրդովվեց Մեծ Այրումի բնակիչը:

Ըստ տուժած բնակչի՝ այս տարբերակը հարցի լուծում չէ: Առաջարկը մերժած գյուղացուց «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրինությունը ժամանակ է խնդրել՝ այլ տարբերակի շուրջ մտածելու համար: Հարություն Դանիելյանին այսօր ամենից շատ երեխաների առողջությունն է անհանգստացնում: Որդու մոտ առաջացած խնդիրների մասին էլ է պատմել կոմբինատի ղեկավարությանը:

«8 տարեկան երեխայիս աչքերը արյունով լցված են, գլխացավեր ունի, հնարավորություն չունեմ, որ տանեմ Ալավերդի հիվանդանոց, տեսնեմ՝ ինչն է պատճառը»,- ասաց նա:

Փետրվարի 25-ին հանրային արշավի մասնակիցները, որոնք տարբեր կազմակերպությունների անդամներ են և մտահոգ քաղաքացիներ, կրկին հավաքվելու են Դանիելյանների տան մոտ:

Եթե մինչև այդ կոմբինատն այլ վայրում նրանց բնակարան չփոխհատուցի, կքննարկեն հետագա անելիքները:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2329 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ