2020 թվականի հունվարի 1-ից, ըստ ԵԱՏՄ որոշումների, երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են: Մարդիկ արդեն սկսել են ավտոմեքենաներ ներմուծել:
Երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերի վերաբերյալ հարցը մի շարք մեկնաբանությունների և տարընթերցումների տեղիք է տվել:
Էկոնոմիկային նախարարությունը շտապեց բացատրել, թե իրականում ինչի մասին է խոսքը: Տեղեկացրեցին, որ 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ նվազել են որոշ ապրանքների, այդ թվում` նաև մի շարք մարդատար մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը։
Գերատեսչությունից հիշեցրին, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանը ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատարի համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10 %, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ըստ հրապարակած դրույքաչափերի՝ ավտոմեքենաների գներն էժան են, բայց կա ավելացված արժեքի հարկ, որն ամեն պետություն ինքնուրույն է որոշում՝ իր քաղաքացիներից գանձել այն, թե՝ ոչ:
Ըստ նրա՝ հիմա հարցը նրանում է, թե մեր կառավարությունը մինչև 7 տարեկան ավտոմեքենաների համար 20 տոկոս ավելացված արժեքի հարկը գանձելու է, թե՝ ոչ:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկել է մինչև 4 տարեկան մեքենաների ներմուծումը մեկ տարով ազատել ԱԱՀ-ից: Գործադիրը որոշմանը հավանության է տվել: Ավտոներկրողների միության նախագահն առաջարկում է այն կիրառել նաև մինչև 7 տարեկան ավտոմեքենաների համար:
«Մինչև 7 տարեկան ավտոմեքենաների գները, որը հրապարակում են, դա լավ էլ էժան է: Մեզ մնում է, որ մեր կառավարությունն իր պետական հարկերից ԱԱՀ չգանձի: Իրենց որոշումն է՝ կարող են գանձել և կարող են չգանձել»,- մանրամասնեց նա:
Տիգրան Հովհաննիսյանը չգիտի՝ ԱԱՀ կգանձվի, թե՝ ոչ: Պնդում է՝ եթե չհարկվեն, գնային փոփոխություններ չի լինի:
Ասում է՝ պայքարելու են դրա համար: Ուստի՝ հաջորդ կառավարության նիստի օրը գնալու են և պահանջելու, որ մինչև 7 տարեկան ավտոմեքենաների համար ևս ԱԱՀ չգանձվի:
Մանյա Պողոսյան