...

Այո-ի միակ հակառակորդը իշխանությունն է

Այո-ի միակ հակառակորդը իշխանությունն է

Կորոնավիրուսի տարածման պատճառով, ըստ էության, քարոզարշավը դեռ չի սկսվել: Սակայն արդեն ակնհայտ է, որ պայքարը չի ընթանալու ԱՅՈ-ի և ՈՉ-ի միջև:

ՈՉ-ը ժողովրդին առաջարկելու ոչինչ չունի, իսկ իրավական խրթին ձևակերպումները հետաքրքիր են միմիայն իրավաբանների նեղ շրջանակներին, այն էլ զուտ տեսական հարթության մակարդակով, իրենց ապագա գիտական աշխատանքների համար: ՈՉ-ի ճամբարի առաջին դեմքերը բացահայտված են և չեն կարող հերքել իրենց կապը Քոչարյանի և Սարգսյանի հետ: Մինչ ՈՉ քարոզելը, անցած երկու տարիներին նրանք այնքան ջերմեռանդորեն են պաշտպանել նախկիններին, որ ոչ դիմակը կփրկի և ոչ էլ ձեռքերը հաճախ լվանալը:

Երևանի դեմքը ապականած ճարտարապետ Նարեկ Սարգսյանի քրոջ որդի Ռուբեն Մելիքյանը, ով Արցախում աշխատելով ՄԻՊ, երբևէ փորձ չարեց պաշտպանել շարքային արցախցու իրավունքները, Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ կարգելու օպերացիայի «վինտիկներից» մեկը՝ Արսեն Բաբայանը, Մանվել Գրիգորյանի փաստաբանը և բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանը, ում պաշտոնավարման ժամանակ գեթ մեկ կոռուպցիոներ չբացահայտվեց, չեն կարող որևէ այլընտրանք ներկայացնել հասարակությանը: Նրանց անցած ճանապարհը չի կարող որևէ կերպ համոզիչ լինել հասարակության համար:

Իշխանության և ԱՅՈ-ի միակ հակառակորդը լինելու է հենց իշխանությունը՝ իր երկու տարվա հաճախ անգործության և տրված ու չկատարած խոստումների տեսքով:

Հասարակությունը պետք  է ստանա հոդաբախշ բացատրություններ, թե ինչու մինչև հիմա լուծված չէ դատական իշխանության ճգնաժամը: Հասարակությունը պետք է հասկանա, ինչ չափորոշիչներով է որոշվում, որ այնինչ կոռումպացված նախկին պաշտոնյան պետք է շարունակի մնալ կալանավորված, բայց մյուսը, որն ունի ավելի կոռումպացվածի համբավ, կարող է ազատ արձակվել, իսկ նրա վերաբերյալ քրեական գործը կարճվել: Կա՞ ինչ-որ սանդղակ կամ մեկ այլ չափման միավոր, թե՞ յուրաքանչյուրի դեպքում ցուցաբերվում է անհատական վերաբերմունք:

Հաջորդ կարևոր մարտահրավերը լինելու է պետական ապարատի պարգևավճարների հարցը: Իշխանությունը պետք է հասկանա, որ ինքն է մեղավոր պարգևավճարների հանդեպ ժողովրդի վատ ընկալման համար: Երբ հայտարարում ես, որ եկել ես առաքելություն կատարելու, բայց հետո հազարավոր դոլարներով ինքնապարգևատրվում ես, հասարակությունը կարող է կասկածել քո ազնվությանը: Հասարակության մյուս հատվածը նույնպես հարցեր ունի պարգևավճարների վերաբերյալ: Ինչո՞ւ մինչ այժմ վերացված չէ այդ ինստիտուտը, ինչո՞ւ պարգևավճարների փոխարեն չբարձրացնել աշխատավարձերը և դրանով փակել շահարկումների թեման: Ինչո՞ւ քաղաքական կամքի բացակայությունը, պետք է լուրջ խնդիրներ ստեղծի հանրային ընկալման մեջ:

Հաջորդ կարևոր խնդիրը կադրային ձախողումներն են: Հասարակությունը վարչապետից ավելի վճռական քայլեր է սպասում՝ ձախողված և իրենց ծառայողական պարտականությունները տապալած նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան  պաշտոնյաների հեռացման գործում: Նրանցից ոմանց հեղափոխության ակունքներում կանգնած կամ ավելի ճիշտ՝ քայլած լինելը այլևս ինդուլգենցիա չէ ժողովրդի համար:

Ամփոփելով՝ նշենք, Քաղաքացիական պայմանագրի և իշխանության թիվ մեկ անփոխարինելի քարոզիչը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է շատ լրջորեն պատրաստվի ժողովրդի հետ առաջիկա առերեսմանը: Ժողովուրդը կուտակել է բավական քանակության հարցեր: Տրված հարցերի պատասխաններից էլ կախված է հանրաքվեի ելքը:

Արիս Վաղարշակյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3241 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ