...

Այս իշխանություններով ի՞նչ պատերազմ

Այս իշխանություններով ի՞նչ պատերազմ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ

Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել. առայժմ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահությանը: Եվ հայտարարել է, որ եթե այդ կառույցը չորոշակիացնի իր դիրքորոշումը, Ադրբեջանը ստիպված պիտի լինի պատերազմ սկսել Հայաստանի դեմ:

Այս հարցի վերաբերյալ ընդդիմությունը չափազանց լավատես է. նույնիսկ կարծում է, թե պատերազմի վերսկսման վտանգն իրական չէ, և նման խոսակցությունները հրահրում են մեր իշխանությունները, որպեսզի բոլորին կոչ անեն համախմբվել իշխանությունների շուրջ, իսկ ընդդիմության հետ վարվեն «պատերազմական ժամանակի օրենքներով...»: Այս տարբերակը, իհարկե, բացառել չի կարելի: Մանավանդ որ իշխանական ճամբարում է նաև Վազգեն Մանուկյանը, որը 96-ին առաջարկում էր հրահրել Ադրբեջանի հարձակում Ղարաբաղի վրա, որպեսզի երկրի ներսում անկայուն վիճակ ստեղծվի:

Բայց կա նաև երկրորդ տարբերակը: Իսկ ի՞նչ, եթե Ադրբեջանն իսկապես պատրաստվում է վերսկսել պատերազմը: Ներքաղաքական խնդիրների լուծման առումով դա իշխանություններին, իհարկե, ձեռնտու է: Միանգամից կարգելվի ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, մի քանիսի ղեկավարները «ձեռի հետ» կհայտարարվեն ազգի դավաճաններ, կարդարացվի տնտեսության խայտառակ անկումը, համընդհանուր թալանը և այլն: «Իսկ Ղարաբա՞ղը», կհարցնեն միամիտ ընթերցողները:

Իսկ Ղարաբաղում կռվելը, պարոնայք, վնասակար է առողջությանը: Ո՛չ ռազմի դաշտում: Հետագայի համար: Չե՞ք հավատում. հարցրեք Սամվել Բաբայանին (Վազգեն Սարգսյանին արդեն հարցնել չեք կարող), հարցրեք Ալբերտ Բազեյանին, հարցրեք Մուշեղ Սաղաթելյանին... Կռվողներ, իհարկե, էլի կգտնվեն: Պողպատե թիթեղներ կամրացնեն մեջքերին (որ թիկունքից չխփեն) ու կգնան առաջ: Չեն էլ տրտնջա, թե թող Սարգսյան Սերժիկն ու ինքն իրեն կանանց ներկայությամբ «Վոյին» անվանողը կռվեն:

Բայց պատերազմի ելքը, ցավոք, միայն ռազմի դաշտում չի վճռվում: Ո՞վ պիտի այս պատերազմում թիկունք կանգնի Հայաստանին: Ռուսաստա՞նը, որի նախագահ Պուտինը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո հայտարարել էր, թե այդ օրը սպանվել են Ռուսաստանի բարեկամները, և որը շատ լավ հասկանում է, թե կոնկրետ ովքեր են հովանավորում այդ ոճրագործությունն իրականացնողներին: Թե՞ Միացյալ Նահանգները, որոնք ոչ միայն միջազգային ահաբեկչության դեպ պայքարի խնդիր ունեն, այլև խնդիր ունեն աշխարհին ցույց տալ, որ դա ամենևին էլ պայքար չէ մահմեդական երկրների դեմ:

Հայաստանի ներկա իշխանություններն իրենց գործունեությամբ կարողացան հասնել նրան, որ Ադրբեջանը բացահայտորեն սպառնա պատերազմով: Ի՞նչ արեցին մեր իշխանությունները:

1. Վազգեն Սարգսյանը սպանված է, Սամվել Բաբայանը ձերբակալված է:

2. Բանակի գեներալներն ու երկրապահները կանանց մասին անեկդոտների ամենասիրված հերոսներն են:

3. Տնտեսության անկումն ու արտագաղթը այնպիսի հսկայական չափերի են հասել, որ երկիրը նոր պատերազմի ոչ մի ռեսուրս չունի:

4. Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն ակնհայտորեն երես են թեքել Հայաստանից, և եթե մեզ անվանում են ոչ թե ահաբեկիչներ, այլ սովորական օկուպանտներ, դա համարում ենք դիվանագիտական փայլուն հաղթանակ: Այս պայմաններում, եթե Ադրբեջանն այնուամենայնիվ վերսկսի պատերազմը, մենք այլընտրանք չենք ունենա: Ստիպված պիտի լինենք մեկ անգամ ևս հաղթել: Բայց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ պատերազմի գնալն ի սկզբանե պարտություն է նշանակում: Հետևաբար, պատերազմին նախապատրաստվելու գործողությունները պետք է սկսել Բաղրամյան պողոտայից:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 286, հոկտեմբերի 26, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ