Նիկոլ Փաշինյանը որոշել է կադրային ջարդը սկսել Երևանի քաղաքապետից: Պատճառը, ըստ իշխանական կուսակցության ներկայացուցիչների, Հայկ Մարությանի կողմից քաղաքական աջակցություն չստանալն է:
Եթե դա է իրական պատճառը, ապա մինչև Մարությանին հասնելը Փաշինյանը պետք է լուծի իր տեղակալների հարցը: Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը ամբողջ ընտրարշավի ժամանակ մի բարի խոսք չասացին իշխանության մասին և մի թթու խոսք չարտաբերեցին մերժվածի կամ մերժվողի հասցեին: Օրինակ՝ Մհեր Գրիգորյանը շատ լավ տիրապետում է, թե Քոչարյանը ինչ շինարարական փուչիկ էր փչել, կարող էր մի հոդված գրել և պատկերավոր բացատրել, թե ինչ տնտեսական մախինացիաների հետ գործ ունենք:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մի ամբողջ ամիս այնպես էր կորել, որ մասնավոր խուզարկու էր անհրաժեշտ՝ նրան գտնելու և պարզելու համար, թե ինչով է զբաղված:
Լենա Նազարյանը երբեք չկանգնեց հարթակում ու չմասնակցեց տասնյակ երթերից որևէ մեկին: Ճիշտ է՝ երբեմն հարցազրույցներ էր տալիս, բայց դրանք ավելի շատ նման էին դիվերսանտի ձեռագրի:
Եթե Փաշինյանը հեռացնի վերոհիշյալներին, ապա կարելի է որոշակի վերապահումներով կարծել, թե Մարությանի հետևից ընկնելու պատճառը միմիայն քաղաքական հարթության մեջ է: Հակառակ պարագայում ավելի կամրապնդվեն այն կասկածները, որ իրական շարժառիթները թաքնված են լրիվ այլ տեղում: