«- Իրենք՝ ՀՀԿ-ականներն էլ էին այդպես ասում, որ թիմի անդամ են, կուսակցության անդամ են, գաղափարակիցներ են, առաջադրվել են ու եկել դարձել են պատգամավոր։
- Շատ բարի։ Ես նորից եմ ասում․ նախ՝ խոսքն ընտրովի պաշտոնների մասին չէ, մենք քննադատել ենք նշանակովի պաշտոններում բարեկամ լինելու բերումով նշանակումները։
- Այսինքն, եթե մի տնից երկու պատգամավոր է լինում, դա չեք քննադատում։
- Նորից եմ ասում՝ եթե ոչ բարեկամ լինելու բերումով ուղղակի մարդիկ ազատ ընտրություններում ընտրում են, թեկուզ Ձեր ասած՝ ինչ-որ մեկի որդուն կամ եղբորորդուն, ես էդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»։
Սա հատված էր ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի ամուսին Նարեկ Բաբայանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:
«ՉԻ». Մի փոքր ձևափոխելով հայտնի ասույթը՝ կարելի է ասել. որքան շուտ այս պատգամավորները դարձան Նատաշա:
Ի՞նչ ընտրովի կամ չընտրովի նշանակովի պաշտոնի մասին կարող է խոսք գնալ: Այո, նրանց բոլորին ընտրել են, բայց նրանց ընտրել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Եվ մեկ ընտանիքից ընտրել է երկու պատգամավոր, ու անհասկանալի է, թե որ բախչեքն է իրեն գցում Լենա Նազարյանի ամուսինը: Պարզապես Լենա Նազարյանը փոխհատուցում է ստացել ԱԺ փոխխոսնակի պաշտոնից զրկվելու համար:
Եթե քննադատել եք նշանակովի պաշտոններում բարեկամներին կամ ընկերներին նշանակելը, ապա շատ ծանր պետք է տանեիք քավորին՝ մարզպետ, իսկ դասընկերոջը ոստիկանապետ նշանակելը: Բայց ոչ մի «սկզբունքային» ՔՊ-ական անգամ մտքի ծայրով չանցկացրեց անդրադառնալ այս թեմային, քանի որ կհայտնվեր սև ցուցակում ու երբեք ոչ կընտրվեր, ոչ էլ կնշանակվեր:
Պարզապես կարելի էր խոստովանել, որ շատ բաներ նախկինում լավ չէին պատկերացնում, քննադատում էին բաներ, որոնց մասին մակերեսային պատկերացումներ ունեին, և այլն: