...

Ազգովի լուծում ենք լուծված լուծումը

Ազգովի լուծում ենք լուծված լուծումը

3-րդ սեզոն. 16-րդ սերիա

Շոգ է: Հերթական շաբաթն ավարտվում է +40 աստիճանով, և ի ուրախություն հայ հանդիսատեսների՝ դա չի կանգնեցնում արմատախիլական ընդդիմությանը, որը Ֆրանսիայի հրապարակում ազգափրկիչ հանրահավաք է անցկացնելու:

Իմիջիայլոց, մեզ մոտ հարց է առաջանում. բա հիմա ինչի՞ եք Ֆրանսիայի հրապարակում անցկացնում: Իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ ձեր սիրելի Թատերական կամ ձեր ատելի Ազատության հրապարակում չանցկացնել: Մանավանդ, որ Թատերական հրապարակում ծառերն ավելի շատ են, մարդիկ գոնե դրա տակ կկանգնեն՝ արևից ու տապից թաքնվելով:

Եվ հետո, քանի որ Լևոն Քոչարյանն էր եռամսյա հավաքից.... կներեք, դադարից հետո հայտնվել ու տվել այս հանրահավաքի անոնսը, ուղղակի իրեն մի բան ասենք. Ռոբերտ Քոչարյանի օրոք եթե հանկարծ թեկուզ մի հոգի ոչ թե Ֆրանսիայի հրապարակում, այլ կողքի մայթին ակցիա աներ, մենակով, առանց պաստառ, կարմիր բերետավորները կողերը ջարդելով, քացու տակ գցելով քաղմաս կտանեին, մի հատ էլ հոդված կդնեին վրան: 

Իսկ հիմա, Թատերականը կողքները, չգիտես ինչի, Ֆրանսիայի հրապարակում են ցանկանում հավաքվել: Լավ, երևի սրտները 4,7 բալանոց խցանում է ուզում:

Ի՞նչն եք փրկում

Իսկ հանրահավաքի նպատակը Արցախն ու Հայաստանը փրկելն է: Տարատեսակ թրքա-ադրբեջանական վտանգներից: Բայց այստեղ ժամանակն է մի հարցի մասին խոսել: Իսկ ի՞նչ է եղել Արցախին: Ի՞նչ խնդիր է, որ ցանկանում են լուծել: Ավելի քան 20 տարի հայտարարում էին, որ Արցախի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է: Սկսած Ռոբերտ Քոչարյանից, հազար անգամ դա ասել է, նախագահական ընտրությունների քարոզարշավներում, հարցազրույցներում և այլն, Արցախի քաղաքական և տնտեսական էլիտան էր դա ասում, դաշնակ-ոչմիթիզական ուժերը, նախկին իշխանություններին սպասարկող պնակալեզ մտավորականները, բլթագետ պատմաբանները, քյարթու վերլուծագանգերն ու բլոգերները:

Հիմա այս նույն ուժերը, մարդիկ, հայտարարում են Արցախը փրկելու մասին, որ Արցախի ապագան վտանգի տակ է և այլն: Մի րոպե, բա եթե դուք 20 տարի շարունակ հայտարարել եք, որ Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծվել է, Ղարաբաղի հարց չկա, լուծել, պրծել ենք, բա հիմա ի՞նչն եք ուզում լուծել: Լուծված խնդիրը հնարավոր չէ լուծել, եթե այն լուծված է: Դա միայն քաղաքականության մեջ չէ: Մաթեմատիկայում էլ է այդպես, քիմիայում, բնագիտությունում: Ցանկացած ոլորտում: 

Կարելի է լուծել չլուծված խնդիրը: Դրա համար մենք այս նույն ուժերին, սկսած Ռոբերտ Քոչարյանից, հարց ենք տալիս. հիմա Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, թե՞ ոչ: Լավ մտածեք, նոր պատասխանեք. եթե ասեք՝ լուծված չէ, նշանակում է, խոստովանում եք, որ 20 տարի խաբել եք՝ հայտարարելով, թե լուծված է: Իսկ եթե ասեք՝ լուծված է, այդ դեպքում ի՞նչն եք փրկում: Ավելին ասենք. եթե ասեք՝ լուծված է, ապա դա կնշանակի, որ համաձայն եք Իլհամ Ալիևի հետ: Նա էլ է հայտարարում, որ Ղարաբաղի հարցը լուծված է:

Մինչև մի հատ կոֆե խմենք, մտածեք, թե ինչ եք պատասխանելու: Ֆրանսիայի հրապարակում այս մասին խոսեք, հասկանանք, թե այնտեղ ինչ եք կորցրել:
 
Երկիր աղբավայր

Փաշինյանն էլ արձակուրդ է: Իսկ դա հղի է բնապահպանական աղետներով: Մի հատ նայեք՝ քանի հատ բնապահպանական աղետի առջև ենք կանգնած. Հատիսի լեռ, Ամուլսար, Դեբեդ գետ, Սևանա լիճ, Ավան համայնք, Երևանը՝ ամբողջությամբ:

Հիմա կասեք. բա ի՞նչ կապ ունի Փաշինյանը: Մեզ շատ հետաքրքրում է. բա որտե՞ղ է հանգստանում: Ինչպես Ռոքուել Քենթն էր ասում. Հայաստանը աղբավայր է բաց երկնքի տակ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ