...

Ազգս ուղիղ իմաստով հոշոտում է Սևանը

Ազգս ուղիղ իմաստով հոշոտում է Սևանը

Ձուկը և ձկնկիթն ազատ վաճառվում են

Սևանա լճում թեև վերջին տարիներին ձկան պաշարների վերականգնման ծրագիր է իրականացվում և դրական դինամիկա կա, բայց հիմա մասնագետները նույնը չեն կարող ասել: ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ, իրենց տվյալներով, այս տարի ձկան պաշարները նվազել է:

«Եթե այս տարի էլ այսպես շարունակվի, էլի կվերադառնանք հին տաշտակին»,- նկատեց նա:

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ նախորդ տարի ձվադրման շրջանում անկառավարելի որս տեղի ունեցավ:

«Երկու սեզոն կա՝ մեկը ձվադրման շրջանն է, երբ որս է կատարվում, չեն թողնում, որ ձուկը բազմանա, և երկրորդ՝ գարնանը մանրաձուկն են որսում: Դա է հիմնական պատճառը, որ պաշարները նվազում են: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա ոչ մի վերահսկողություն չկա: Պետք է հսկվի, ինչո՞վ են զբաղվում: Բարձիթողի վիճակ է: Շուկաներում ձուկը և ձկնկիթն ազատ վաճառվում են»,-  ասաց մասնագետը:

Խեցգետինը պակասել է

Մեկ տարվա ընթացքում Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են մոտ տասն անգամ: Ըստ մասնագետների՝ խեցգետնի պաշարների կտրուկ նվազման երկու պատճառ կա՝ որսն ու խեցգետիններին պատուհասած հիվանդությունը:

Լճում խեցգետնի ծավալների կրճատման հիմնական պատճառը, ըստ ինստիտուտի փորձագետների, գերորսն է: Չնայած նախորդ տարի սահմանվել էր, որ միայն 350 տոննա խեցգետնի որսի թույլտվություն կա, բայց այդ թիվն արդեն մի քանի անգամ գերազանցվել է:

«Եթե մի ժամանակ, 2 օր թակարդ դնելով բռնում էին 4-8 կգ խեցգետին, ապա հիմա 20 օր դնում են և 4 կգ են բռնում: Դա չտեսնված բան է»,-  իր հերթին նկատեց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկելու է խեցգետնի որսի արգելք սահմանել:

Ի դեպ, կառավարությունը որոշել է Սևանա լճի սիգի արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության արդյունագործական ձկնորսության մշակած կարգն այժմ քննարկման փուլում է: Այն պիլոտային ծրագիր է լինելու, կիրառվելու է 150 տոննա ձկան համար: Ընդ որում, ծրագրի նպատակը նախարարությունը երկու տարբերակով է բացատրում. վերջին 2 տարիներին սիգի արդյունագործական պաշարներն ավելացել են և հարկավոր է արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել, որպեսզի սիգի պահածոյի արտադրությունն ու արտահանումը վերահսկողության տակ լինի:

«Որսի մասին խոսք չկա, հիմա ինչ-որ որսվում է, ապօրինի է»,- ասաց Բարդուղ Գաբրիելյանը:

Կառավարությունը սահմանել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակի, ձևի և կազմակերպման կարգը:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարի՝ կարգի սահմանման նպատակը նշված գործունեություններն օրենքի դաշտ տեղափոխելն է:

Նախագծով փորձ է արվում այս կարգի ընդունմամբ կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարտադրության և որսի կազմակերպման հարաբերությունները:

Բարդուղ Գաբրիելյանը կարևորեց այս նախագիծը՝ նշելով, որ այն վաղուց պետք է արվեր: 

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ