...

«Բագրիշկեն» էլ ա լեգիտիմ

«Բագրիշկեն» էլ ա լեգիտիմ

ՀՀ վարչապետի աշխատակազմը պատերազմից հետո ի՞նչ ապրանքատեսակների գնման հայտ է ներկայացրել 2021-ին ու ի՞նչ ուղղությամբ են հիմնականում ծախսել պետական բյուջեի փողերը: «Առավոտ» թերթի մեր գործընկերներն ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ 2021-ի գնումների պլանն ու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց պատվիրատու է հանդիսացել այս պետական կառավարման մարմինը՝ իրենց ձևակերպմամբ առաջին տարօրինակ պատվերը, որ նկատել են, ավտոմեքենաների անիվների ահռելի մեծ քանակի գնման հայտն է՝ 372 անիվ։ Թերթի հարցումների արդյունքում պարզվել է՝ այս պահին աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա: Մինչդեռ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է թվով 40 տրանսպորտային միջոց՝ հերթապահ մեքենաներ, ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, կիսաբեռնատար ու բեռնատար ավտոմեքենաներ: Սրան գումարվում է բենզինի ու վառելիքի ծախսը, և պատկերն ամբողջանում է «Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի պադավատապետությանը» հոդվածի վերնագրում արդեն։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին երկու տարում այնքան ծանր հարվածներ է հասցրել պետությանը, որ մի քանի հարյուր անիվը, հազարավոր լիտրերով բենզինն ու «զապչաստի» ծախսը առանձնապես աչքներիս չի էլ երևում։ Փաշինյանն ու նրա կառավարությունն էլ երևի չեն անհանգստանում այսօրինակ հրապարակումներից, որովհետև մտածում-ասում են՝ լեգիտիմ ենք, ժողովուրդը մեզ ձայն է տվել ու լիազորել է իր ու իրենից հավաքված միջոցների՝ բյուջեի հետ անել այն, ինչ մենք կցանկանանք։ Որ մեջները կրթություն ունեցողներ լինեին՝ կբացատրեին, որ լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական երևույթ է, և լեգիտիմ ձևավորված իշխանությունը ամիսների ընթացքում կարող է կորցնել իր լեգիտիմությունն ու համարվել ոչ լեգիտիմ։

Հիմա այդպես է, թե՞ ոչ՝ սա էլ արդեն ՀՀ քաղաքացուն առանձնապես չի հետաքրքրում։ Քաղաքացին իրեն հոգեբանորեն օտարել է բոլորից՝ իշխանությունից էլ, ընդդիմությունից էլ, դրանց սպասարկող քաղաքական օրակարգերից էլ։ Չի զարմանում, չի բարկանում, չի հակադարձում։ Ապատիկ վիճակում է։ Ու այս ֆոնին լեգիտիմության բիկինիով պարոնները բյուջեն տնօրինում են այնպես, ինչպես ժամանակին խոզի ֆերմայի բիզնեսն են տնօրինել, կինոների ու ցածրակարգ շոուների տոմսերի առքուվաճառքն են կազմակերպել, տպագրված ու չվաճառված թերթի «վազվռատն» են «դասավորել»։ Այնպես որ, ամեն ինչ օրինաչափ է։ 

Գոհար Վեզիրյան 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1724 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ