...

Բաժանումների պատմություն

Բաժանումների պատմություն

ԲԱԺԱՆԻՐ ԵՎ ՏԻՐԻՐ

Երեկ նորից խմբագիրը կանչեց: Կանչեց և հարցրեց, թե արդյոք ես հիշո՞ւմ եմ, որ մի քանի պետություն առանց Հայաստանի մասնակցության որոշեն մեր երկրի կամ նրա որևէ մասի ճակատագիրը: Ես էլ ասացի, որ չգիտեմ հակառակ օրինակ, այսինքն, երբ մեր ճակատագիրը լուծեինք մենք: Զարմացած այս պարադոքսից, խմբագիրն իսկույն հանձնարարեց ինձ գրել համապատախան հոդված: Իսկ քանի որ լրագրողն ազատ մարդ չէ և ստիպված է ընտանիք կերակրել, ստիպված համաձայնեցի: Թեև խոստովանեմ ընթերցողին, անկեղծորեն համոզված եմ, որ միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանն ինքնուրույն կարողացավ տնօրինել իր ճակատագիրը:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի «հանցավոր ռեժիմին», ապա այն իր «պարտվողական քաղաքականությամբ» փաստորեն ծառայում էր միջազգային իմպերիալիզմին: Եվ միայն Քոչարյանի գալուստը պատմական հայրենիք ավետեց Հայաստանի ինքնուրույն քաղաքականություն վարելը: Բայց կարծես շեղվեցի բուն թեմայից:

Եգիպտոսի պատմությունը սովորաբար բաժանում են Վաղ թագավորության, Միջին և Ուշ: Հռոմինը՝ Հանրապետական և Կայսրական շրջանների: Եվ միայն Հայաստանի պատմությունը պարբերացված է բաժանումներով. առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և մի քանի միջանկյալ: Բնական է, ամեն մի բաժանում ուներ իր յուրահատկությունը և յուրովի հետաքրքիր էր ուսումնասիրության համար: Սակայն ամենահետաքրքիրը առաջինն էր: Ինչո՞ւ: Այլ հարց է, երբ մի երկիր գտնվում է մյուսի կազմում և երրորդ երկիրն ուզում է գրավել այդ տարածքը: Սա թեև այդքան էլ պատվաբեր իրադարձություն չէ, բայց այնուամենայնիվ, խիստ հասկանալի է: Այդ իմաստով Հայաստանի առաջին բաժանումն, իսկապես, աննախադեպ էր համաշխարհային պատմության մեջ:

Հայաստանը, լինելով լիովին անկախ, խիստ սուվերեն պետություն, մի գեղեցիկ օր բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Բնականաբար, այդ առումով Հայաստանի կարծիքը հարցրեցին այնքանով, որքանով այսօր Պուտինն ու Բուշը Լյուբլյանայում Ղարաբաղի հարցը քննարկելիս հարցնում են Ղուկասյանի կամ թեկուզ Քոչարյանի կարծիքը:

Երբ ես մոտակա գարեջրատանը պատմեցի այս տխուր իրողությունը, շշակից ընկերներիցս մեկն ասաց. «Է, թող կռվեին»: Զավեշտն այն է, որ կռվել և պայքարել ցանկացող չկար: Իսկույն պարզվեց, որ նախարարներից յուրաքանչյուրն ունի իր անձնական հաշիվները Հայոց թագավորի հետ և նախընտրում է սահմանափակ ինքնավարություն մի որևէ երկրի կազմում: Հետո պարզվեց, որ նախարարների մի մասը բյուզանդամետ է, իսկ մյուս մասը՝ պարսկամետ: Ճիշտ է, արդյունքում տուժեց հայամետությունը, բայց դա արդեն ոչ ոքի չէր հետաքրքրում: Ստացվեց ինչպես Լյուիս Քերոլի «Ալիսան անդրհայելային երկրում» վիպակում, երբ առյուծն ու միաեղջյուրը մենամարտում են թագի համար, իսկ թագավորը զարմացած նշում է. «Տարօրինակն այն է, որ նրանք մենամարտում են հենց իմ թագի համար»:

Այսքանով հանդերձ նշենք, որ բաժանումները հաճելի նորույթ էին հայ քաղաքական մտքի համար: Այժմ պետք չէր պայքարել, երկար-բարակ ծրագրեր մշակել, համախմբվել:

Պետք էր պարզապես սպասել, թե երբ կկատարվի հերթական բաժանումը, հուսալով, որ մի գեղեցիկ օր այդ բաժանումներից մեզ էլ բան կհասնի: Սակայն այդ բանի մասին մենք խոսում էինք զգույշ և բարձրաձայն, միայն հույս էինք հայտնում, որ հերթական բաժանման արդյունքում կհայտնվենք ավելի բարեսեր տիրոջ ձեռքերում: Այդ պայմաններում սեփական պետության գոյությունը կարող էր միայն խանգարել ավելի հարմար տիրոջը ծառայելու ազգանվեր նպատակին:

Դե մոտավորապես այսպիսի տվայտանքների մեջ անցան երկրորդ (Պարսկաստան-Բյուզանդիա), երրորդ (Իրան-Թուրքիա), մի քանի չհաշվարկված ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները: Ընդհանուր առմամբ մոտ 1400 տարի: Եվ 1400 տարվա ընթացքում ոչ մի հայ գործիչ չփորձեց հարցնել. «Տղերք, էս ի՞նչ եք անում: Որ քեֆ եք անում, էդ խի՞ մեզ չեք կանչում»: Երևի կարծում էին, որ համեստությունը վաղ թե ուշ կպարգևատրվի:

XX դարասկզբում կարծես թե պարգևատրվեցինք: Սևրում որոշվեց մեզ հող տալ: Ավելին, մեզ հրավիրեցին ստորագրելու այդ փաստաթուղթը: Բայց սկզբունքորեն Սևրը նույն բաժանումն էր. Հայաստանի թիկունքում նորից լուծեցին նրա ճակատագիրը, թեև այս անգամ մեզ փայ գցեցին: Բայց, ավա~ղ, բոլորս էլ գիտենք, թե որտեղ է լինում անվճար պանիրը: Արդյունքում եղավ Եվրոպայի բարեհաճ համաձայնությամբ Հայաստանի չորրորդ բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, իսկ Սևրը մնաց հայ ժողովրդի համար ինչպես թումանյանական «Նեսոյի քարաբաղնիսի» խոսքը. «Տո դե ճակատին գիր ա, էլի, հո նրան էլ Նեսոն չի խեղդել»:

Իսկ մեզ այսօր մնում է հուսալ, որ Պուտինն ու Բուշը լավ կլուծեն Ղարաբաղի հարցը, Մեղրին էլ մեզ կթողնեն կամ գոնե թուրքին չեն տա:

Դ. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 222, հունիսի 22, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ