...

Բարձրաձայն մտորում պետության մասին

Բարձրաձայն մտորում պետության մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

«Հանճարդ Հայկյան». - ասաց Վարուժանը: Այսինքն՝ պատմությունը սկսում ենք Հայկից: Այսինքն ազգ ենք Հայկից (իմա՝ մ.թ.ա. XXVդ): Բայց դա կքննարկեն պատմաբաններն ու բանասերները:

Մենք էլ մեկ րոպե պատկերացնենք մեզ պատմաբան և փորձենք քննել, թե երբ է ցեղը դառնում ցեղ: Պատասխանը պարզ է. երբ գտնում է իր ինքնաարտահայտման բարձրագույն մակարդակը: Այդ իսկ տրամաբանությամբ ցեղը վերածվում է ժողովրդի, երբ ի վիճակի է ստեղծել սեփական ինքնաարտահայտման միջոցը՝ պետությունը: Այստեղ տեղին է մեջբերել հին վրացական անեկդոտը. վրացին իմանալով, որ գերեզմանաքարին գրում են նաև երջանիկ ապրած տարիները, խնդրում է գրել. «Մեռել է չծնված»:

Ծանր է, որ պետություն չենք ունեցել, այսինքն ազգ չէինք, կրկնակի ծանր է, որ չենք էլ ցանկացել պետություն ունենալ, այսինքն ցանկացել ենք ցեղ մնալ: Բավական է թերթել մեր պատմիչների գործերը (Խորենացին և Դրասխանակերտցին երջանիկ բացառություններ էին), համոզվելու համար, որ նրանց համար պետությունը երբեք էլ ինքնին արժեք չի հանդիսացել: Պետությունը սովորաբար դիտվում է որպես հանգրվանային կետ մեկ տիրոջից մյուսի ձեռքն անցնելու ժամանակ: Այսպես, արաբական շրջանի պատմիչ Ղևոնդ Վարդապետը ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու, որ Հայաստանը չի կարող անկախ ապրել:

Ֆրանսիացիներն իրենց պատմությունը սկսում են 484 թվականից: Տարեթիվ, որը նշանավոր է նաև մեզ համար: Բայց ի տարբերություն մեզ, այդ օրվանից, Սուասոնի ճակատամարտին հաջորդած ժողովից հետո, ֆրանսիական պետության պատմությունը մեկ օրով իսկ չի դադարել մինչև այսօր: Չի դադարել, թեև ֆրանսիական ժողովուրդը կազմավորվեց մոտ 900 տարի անց: Եվ ընդհանրապես, նույնիսկ մեր հարևան ժողովուրդները պետական ժողովուրդներ էին: Նույնիսկ վրացիները, որոնց մասին պատեհ-անպատեհ սիրում ենք խոսել, զոհաբերեցին հավատ, լեզու, այբուբեն, պահպանեցին պետականությունը: Արդյունքում, երբ Վրաստանն այնուամենայնիվ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, մտավ որպես թագավորություն, հետևաբար վրաց ազնվականները պահպանեցին իրենց հողային իրավունքները: Ի դեպ, շատ շուտով Ռուսաստանը ճանաչեց նաև մուսուլմանական բեկերի իրավունքները՝ ելնելով նախկին թշնամու հանդեպ հարգանքից: Իսկ մեզ հետ նույնիսկ չուզեցին խոսել:

Իսկ մե՞նք, մենք այդպես էլ չգնահատեցինք այդ պետականությունը: Եվ պատահական չէ, սիրելի ընթերցող, որ մենք չունենք պետության պատմություն, մենք ունենք ժողովրդի պատմություն:

Խմբագիրը խնդրեց գրել տնտեսական պատմություն: Զուր: Մենք չունենք Հայաստանի տնտեսության պատմություն, քանզի չունենք պետություն: Միակ բացառությունը հայոց պատմության մեջ Արտաշես Աշխարհակալն է, որը երկրում հաստատեց մաքսային սահմաններ: Դե, Արտաշեսին դա ներելի էր. նա Հանիբալի ընկերն էր և չէր հասկանում մեր յուրահատկությունը: Չունենք պետություն, հետևաբար ողջ ավարայրները, որոնցով մենք մի տիրոջից փորձում էինք գցվել մյուս տիրոջ գիրկը, ոչ մի օգուտ չտվեցին:

Ընթերցող, ինչու եմ բարձրաձայն մտորում այս մասին: Մտորում եմ այն պատճառով, որ գործող նախագահը ստորագրեց անկախության տասնամյակի առթիվ հոբելյանական հանձնաժողով ստեղծելու հրամանագիրը: Լավ է՝ հիշեց: Ո՞վ է հոբելյանական հանձնաժողովի կազմում: Մի խումբ պաշտոնյաներ, նախկին կոմունիստներ, նախկին դաշնակցական ներկա պաշտոնյաներ, այստեղ-այնտեղ և ամենուր Խոսրով Հարությունյանը: Չկա առաջին նախագահը, չկա Անկախության հանրաքվեի հանձնաժողովի նախագահը և գոնե որևէ անդամ, չկա հին դիսիդենտներից որևէ մեկը (գոնե Պարույրը): Ինչո՞ւ: Մի՞թե այդքան արժեզրկվել է մեր անկախությունը: Խոստովանենք, որ այո, բայց և հանգստացնենք ընթերցողին:

Թշվառությունը անկախություն չէ, սպարապետի սպանությունը՝ անկախություն չէ, ազատագրված տարածքը օկուպացիոն համարելը անկախություն չէ... Եթե նույնիսկ փաստացի նախագահը հանձնաժողով կազմի: Չէ՞ որ այնտեղ ոչ ոք չկա, միայն նախկին և ներկա պաշտոնյաներն են:

Դ. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 230, հուլիսի 6, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ