ՌԵՏՐՈ խորագրի ներքո շարունակում ենք ներկայացնել «Չորրորդ իշխանություն» թերթում Հայաստանում հանքարդյունաբերությանը վերաբերող հրապարակումների շարքը:
«Չորրորդ իշխանություն», 6 ապրիլի, 2018թ.
Ինչ է հարկավոր իմանալ... տաղտկալի, կարծրատիպային ու տուֆտա արտահայտության համար կներեք, բայց տաղտկալիների մասին, ...բիոդեգեներատների մասին եմ խոսում, այնպես որ՝ սազական է։
Եվ այսպես՝ ինչ է հարկավոր իմանալ... Ռումինիայի Բրեիներ հանքի մասին. սրանից մի քանի օր առաջ Ռումինիայի այդ հանքից արտահոսած թթվային դրենաժի ջրերը, որոնք հագեցած են ծանր և վտանգավոր մետաղներով՝ մի քանի ժամվա ընթացքում ոչնչացրել են Լեպուշ գետի ձկնաշխարհի մոտ 90 տոկոսը։ Վտանգված են նաև կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչները, գետի ամբողջ ավազանն է վտանգված և շրջակա ողջ գյուղատնտեսությունը, վտանգված է Լեպուշի հոսքի ուղղությամբ ամեն բան։ Մարդկությունը` որպես կենդանական ՎՏԱՆԳՎԱԾ աշխարհի մի մաս, չենք առանձնացնում, մանավանդ որ հենց մարդկությունն է մեղավոր տեղի ունեցածի համար։ Տարածված տեղեկությունում նշվում է, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն Ռումինիայի պետությունն է՝ չի վերահսկում իրավիճակը և ներդրումներ չի անում հանքերի վնասազերծման համար։
Հիմա։ Իսկ ինչ է հարկավոր իմանալ Հայաստանի... Արծվանիկի ջրամբարի մասին, բացի այն, որ այդ տեղանունը՝ Արծվանիկ և ՀՀ բնութպահպնախը՝ Արծվիկ՝ անվանակից են, ԱԴԱՇ, այսպես ասած... Եվ այսպես, ուղիղ երկու տարի է, ինչ Հայաստանի և համաշխարհային հանրությանը տեղյակ է պահվել որ.
• Միջազգային չափանիշների համեմատ՝ այս պոչամբարի ներկայիս նախագիծը անընդունելի է ֆիզիկական անկայունության առումով, քանի որ վերընթաց բարձրացման մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել սեյսմաակտիվ գոտիներում, և քանի որ պոչերի հեղուկացումը երկրաշարժի ժամանակ հանգեցնում է անկայունության մեծ հավանականության (պատնեշի պատի վթարային փլուզում և թափոնների արտահոսում)։ Սակայն պատնեշի շեպերն այնքան զառիթափ չեն, որքան մյուս օրինակները Հայաստանում, և փլուզման հավանականությունն ավելի փոքր է։ Չնայած դրան, ստորին շեպի հատվածը ...գտնվում է անմիջապես Սյունիք գյուղի վերևում...
• Ավազանի դեկանտացված ջուրը հեռացվում է անմիջապես շրջակա միջավայր...
• Ամբարտակի արտաքին շեպի վրա գտնվող վերականգնման նյութի բարակ շերտը հակված է էռոզիայի, դրա հետևանքով պոչամբարի մակերևութային ջրի հոսքը կարող է ներթափանցել ջրուղիներ։
Հիմա Ախթալայի պոչամբարից ու Ալավերդուց Դեբեդ գետը թափվող այլանդակ թափոնները հիշեք։ ԱՅՈ, նրանք, որ թափվում են և Արծվանիկի ադաշ Արծվիկը հանուն ...ՀՅԴ և Հանրապետական կոալիցիայի, հանուն ինքնաբավ և ինքնիմաստ լռության, ...թեթևակի, ժամանակ առ ժամանակ մարդկանց է ուղարկում՝ փորձաքննեն, ապա խորհրդավոր լռում է, ժամանակ առ ժամանակ էլ, դարձյալ խորհրդավոր հիստերիկանում. թե՝ մի չափազանցրեք՝ ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։
ԱՍՈՒՄ ԵՆ՝ Արծվիկը հատուկ է չարանում, երբ Թեղուտի ու Շնողի անունն են տալիս։
Հիմա, ի հեճուկս Արծվիկի և Լիդիանի, մի փաստ հիշատակենք՝ Ամուլսարում սպասվում է մոտ 17 միլիոն տոննա ծծմբական թթվի առաջացում... Չէ, մի անհանգստացեք, ամբողջ 17 միլիոնը միանգամից չի առաջանա, այլ փոքր, չէ՜, փոքրիկ, չէ՜՝ պուճուրիկ խմբերով. 5 տոննա մի անգամ, 50` մյուս անգամ՝ այնպես, որ եթե առաջանա ու մարդիկ մեռնեն՝ աշխարհում առաջին տեղը զբաղեցնենք էդ սև ցավից, ...մի խոսքով։
Հետո, դե ես էլ մի տեսակ ՀՅԴ անդամ, կոալիցիոն կառավարման ևս մի ֆենոմեն Արծվիկին շատ եմ բարձում։ Ինքը չի կարող, չգիտի և չի ուզում։
Բայց ախր այ ...բիոդեգեներատներ, դիցուք ՀԻՆԳ ՏՈՆՆԱ է ծծմբական թթվի արտահոսքը, ի՞նչ եք անելու։ Կամ, ավելի ճիշտ՝ Ախթալայից Դեբեդ գետ վերջին թափոնաթափությունը ճիշտ այդ չափի էր, կամ կրկնակի ավել։ Ի՞նչ արեցին։ Ոչինչ։ Որպես քիմիական զենք, չերեզ Վրաստանի թրքաբնակ Մառնեուլի շրջան, ուղարկեցին գետի հոսանքն ի վար՝ ուղարկեցին Ադրբեջանը թունավորելու։ Թեղուտն էլ էին դրա համար մշակում՝ ծախած հանքաքարի փողերը Վալերիկին, Սերժիկին, Ռոբիկին, պոչամբարի թույնը՝ Դեբեդ՝ թուրքի քոքը կտրելու...Պատկերացրեք, միայն պատկերացրեք ինչպիսի հզոր, եռակի հարված կլիներ՝ Ախթալային ու Ալավերդուն Դեբեդը թունավորելու մեծագույն միսիայի շրջանակներում կմիանար Թեղուտը... և Ադրբեջանը չոքած կլիներ մի քանի տարի անց։ Բուկվալնո։
Քաջարանի ու Մեղրիի կողմից էլ նույնն են անում, հիմա էլ Ամուլսար-Սևան գոտում են քիմիական հարձակում պատրաստում։ Սա մեծ ստրատեգիա է։ Մեծագույն։ Սա Կամիկաձեի վարք է, ...միակ տարբերությամբ ...ժողովո՛ւրդն է էստեղ թունավորվում ու քաղցկեղից մեռնում, Ադրբեջանն է էնտեղ իբր թունավորվում, իսկ ...բիոդեգեներատները քոչում են՝ փողերը շալակած։ Կամ արդեն քոչել են։ Կամ դեռ լափելու, թափելու ու թրքելու բան կա... Քիչ անց կքոչեն։
...Այնպես որ ...չենք եղել մենք ոչ մի Ռումինիայում ու չենք տեսել մենք ոչ մի Լեպուշ գետ։ Մենք ունենք Արաքս, Արփա, Սևան ու Դեբեդ։
Միհրդատ Եվպատոր