...

Բնակիչները համաձայնություն չեն տվել

Բնակիչները համաձայնություն չեն տվել

Հանրային քննարկման ժամանակ Վայոց ձոր մարզի Զառիթափ համայնքի բնակիչները հավանություն և նախնական համաձայնություն չեն տվել Ազատեկի հանքավայրի շահագործման ծրագրին: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը:

«Ժողովուրդը մերժել է: Մեծամասնությունը դեմ է հանքի բացմանը: Տեղյակ չեմ, թե հետո հանրային լսում կլինի՞, թե՝ ոչ»,- փոխանցեց նա:

Երեկ տեղի է ունեցել առաջին հանրային լսումը՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից «Ազատեկ» հանքավայրի՝ Զառիթափ բնակավայրի «Գյուարչին» կոչվող տարածքը ստորգետնյա եղանակով շահագործման համար նախնական համաձայնությունը ստանալու նպատակով:

Քննարկմանը մասնակցում էր մոտ 40 մարդ։ Կազմակերպության ներկայացուցիչ Վահե Մալխասյանը ներկայացրել է ընկերության տեսլականը հանքի շահագործման դեպքում։ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ը նախատեսում է նաև հանքավերամշակում իրականացնել Վայք համայնքի «Արին» բնակավայրում և այնտեղ կառուցել գործարան, որը կստեղծի 250 աշխատատեղ։ 

Համայնքի ղեկավարը մանրամասնեց, որ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն խոստացել է ոչ միայն հանքի շահագործման ընթացքում պահպանել բնապահպանական բոլոր նորմերը, այլև մասնակցել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աշխատանքներին: Նախնական 50 մլն դրամի չափով տարեկան համայնքում ներդրումներ անել, բայց գյուղացիները որոշել են համաձայնություն չտալ հանքի շահագործմանը:

Իսկ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար դիմող «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն այս տարվա հունվարին է ստեղծվել:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն՝ ընկերության հիմնադիրը Հրաչյա Ջանունցն է: Նրա մասին ոչինչ հայտնի չէ:  

Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրի շահագործման համար Վայքի բնակիչների համաձայնությունը ստանալու նախկին երկու փորձերն արվել էին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից: Երկու դեպքում էլ բնակիչները բոյկոտել էին հանրային լսումները: Իսկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Ազատեկի հանքավայրի համար «Վայք Գոլդին» տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է:

2018-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ