...

Բոլոր համընկնումները պատահական են

Բոլոր համընկնումները պատահական են

«Հեղափոխությունից անցել է 4 տարի, բայց պետությունից թալանվածն այնքան էլ լավ հետ չի բերվում, բազմաթիվ թալանչիներ, բազմաթիվ հանցագործներ, բանտերում գտնվելու փոխարեն, բողոքի ակցիաներ են անում կամ իրենց առանձնատները կալանքից հանում և վաճառում են: Բանը հասավ նրան, որ փողոցում պայքարող ընդդիմությունը, որին շատերը թալանչի են համարում, իրենք են խոստանում թալանածը հետ բերել: Իշխան Սաղաթելյանը թալանածը հետ բերելու վերաբերյալ հայտարարություն արեց, ինչպե՞ս կարձագանքեք»,- այսպիսի հարց է ուղղել «Factor» լրատվականը ՊՎԾ ղեկավար, միաժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ Ռոմանոս Պետրոսյանին։  

Պատասխանն անշուշտ սքանչելի է։ Պետրոսյանը նախ արձանագրում է, որ «ժողովրդի սպասելիքները ինչ-որ իմաստով կարելի է ասել՝ չեն արդարացել, մասնավորապես, թալանածը վերադարձնելու առումով»: Հետո պատճառներ է թվարկում՝  համավարակ, ապա 44-օրյա պատերազմ, վերջում՝ արդարադատության, թալանի վերադարձը կազմակերպելու համար օրենսդրական, ընթացակարգային զրո վիճակ։ Հիմա ուշադրություն՝ ամենակարևորը․ «Հանրության տարբեր շերտեր ներգրավված են եղել համակարգային կոռուպցիայի, թալանի գործընթացի մեջ: Թեև հանրության տարբեր շերտեր պահանջում են թալանածը վերադարձնել, բայց ժողովրդական լեզվով ասած՝ «մեկը ձու է գողացել, մեկը՝ ձի», և շատերը զլանում են գործընթացին մասնակցել, հաղորդում ներկայացնել, բոլորը ցանկանում են դիտորդի դերում լինել կամ պարզապես դատել՝ թալանածը վերադարձվե՞ց, թե՞ ոչ: Բայց ձեզանից կախվածը, հարգելի՛ քաղաքացիներ, դուք արե՞լ եք, որպեսզի այդ գործընթացն իրականանա»,- հարցադրում է արել Պետրոսյանը: 

Փաստորեն այս հարցում էլ է հասարակությունը մեղավոր, ավելին՝ ըստ ՔՊ-ականի՝ համարյա մասնակից է եղել թալանին, իսկ հիմա էլ չի համագործակցում, որ թալանչիներին սատկացնեն։ Մի պարզ անալոգիա անցկացնենք։ Պատկերացրեք՝ պետությունը դիցուք թերթի խմբագրությունն է։ Պետության ղեկավարը նույն ինքը թերթի խմբագիրն է։ Ինչպես պետության առաջին դեմքն է պայքարում թալանչիների դեմ, այնպես էլ թերթի խմբագիրը ողջ կյանքում հոդվածներ է գրում թալանչիների և համակարգային կոռուպցիայի դեմ։ Հետո թալանչիները սկսում են հսկայական նվիրատվություններ անել պետության ղեկավարին, խմբագրության դեպքում՝ խմբագրին։ Երկու դեպքում էլ թալանչիները դառնում են օդում սավառնող հրեշտակներ, որոնց բռնել կամ քննադատել չի լինում։ Հասարակությունը հասկանում է, որ մուծվել են թալանչիները ու դարձել օդում սավառնող անբռնելի հրեշտակներ։ Պետության դեպքում մարդիկ սկսում են մտածել, որ առաջնորդը առնվազն ստախոս էր, խմբագրության դեպքում՝ հասկանում, որ խմբագիրը ծախված է։ Հիմա հարց՝ պետության ղեկավարը ստախոս է, խմբագրապետը՝ փողագար, բա հասարակությունն ի՞նչ է այս դեպքում։ Որպեսզի տրամաբանական շղթան կառուցվի՝ առնվազն հասարակությանն էլ պետք է ներքաշել այս «բազառի» մեջ, կեղտը քսել նրան և հռչակել իրավիճակի ամենամեծ մեղավորը։ 

Ռոմանոս Պետրոսյանի քառամյա գործունեությունը մի այլ հիասքանչ պատմություն է։ Որպես անոնս նշենք, որ այդ պատմության մեջ բացի Ռոմանոս Պետրոսյանից, ձու էլ կա, ձի էլ։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ