...

Բորտավոյ պենջակներ՝ քաղաքական հայրերի համար

Բորտավոյ պենջակներ՝ քաղաքական հայրերի համար

ՌԵՏՐՈ բաժնում ներկայացվող այս հոդվածը մեր պարտության հիմնադրման՝ քոչարյանական սկզբնական ժամանակաշրջանի հայելային ճշգրիտ արտացոլումն է՝ քաղաքական ներկապնակի բոլոր նրբերանգներով։ Սակազմի զգալի դոզայով գրված 20-ամյա վաղեմության սույն հոդվածն այսօր, ավաղ, միայն դառը ժպիտ է առաջացնում։ 

Նկարագրությունը վերաբերում է Տնտեսագիտական ինստիտուտի ուսանողների հետ Քոչարյանի հանդիպմանը։

Տնտեսագիտականի ուսանողները չֆայմեցին նախագահի ջերմուկը բացել. նախագահը մի քիչ դիմացավ ու ինքը բացեց իր ջերմուկը, արանքում էլ չմոռացավ ասել՝ «ես ձեր պահած նախագահի...»: Ճիշտն ասած՝ ես էլ, հերս էլ: Բայց՝ դա չի կարևորը: 

Կարևորը, որ մեր նախագահը հոկտեմբերիկ վախտվանից ազատամիտ է եղել ու վիզկապ չի կապել, ոչ էլ պենջակ է հագել: Մենակ կոնֆերանսների ժամանակ, երբ պետք է ներկայանար Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Ալիևին՝ այդ ժամանակ է վիզկապ կապել ու պենջակ հագել: Բայց՝ դա էլ կարևոր չի: Կարևորը, որ երկու նախագահները միմյանց հետ առերեսման բոլոր հնարավոր կոմբինացիաները սպառել են ու միասին մի վերջին անգամ գնում են Ֆլորիդա՝ սերֆինգ քշելու: Ավելի ճիշտ՝ մեր սպորտսմեն նախագահը կքշի, իսկ Ալիևն ափից ձեռքով կանի: Հետո կվերադառնան մարդա իր երկիրն ու մնացածն արդեն, ինչպես ասաց մեր նախագահը, եռանախագահողների գործն է: Թող գլուխ հանեն այն աջաբսանդալից, որ սարքել են երկու նախագահները: Իսկ մինչ այդ՝ մեր նախագահը հերթական անգամ հայաստանյան քաղաքական ներկապնակի վրա բավականին գունեղ թքեց՝ տնտեսագիտականի ուսանողներին նախապատվություն տալով քաղաքական կուսակցություններից:

Հետո արդեն, երբ ուսանողները տեղեկացվեցին, թե բանակցություններն ինչ ընթացքի վրա են, Ռոբերտ Քոչարյանը իր մոտ կանչեց խորհրդարանական կուսակցություններին: Իհարկե, քաղաքական ներկապնակի վրա կարելի էր թքել նաև հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպելով. միևնույն է՝ ներկապնակը դրանից չէր վիրավորվի, սակայն նախագահն այս անգամ որոշեց բավարարվել ներկապնակին ստորացնելու թեթև դոզայով: Իսկ քաղաքական ուժերը հեչ էլ վիրավորված չեն. ավելին, նրանք հոգու խորքում ուրախ էին, որ Քոչարյանն իրենց ոչ մի բան չի պատմում ու իրենք ազատված են մտածելու, որոշում կայացնելու և կարծիք հայտնելու ծանր բեռից: Բայց՝ մեկնելուց առաջ, Ռոբետ Քոչարյանն, այնուամենայնիվ, որոշեց նրանց դնել այդ բեռի տակ ու պատմեց, թե ուր են հասել բանակցությունները: Հիմա քաղաքական գիգանտները չեն կարող այլևս լրագրողներին ասել, թե բանից անտեղյակ են: Հիմա արդեն ցրելու ուրիշ պատճառ կգտնեն. ասենք՝ լռում են, որ նախկինները չնավսեն նախագահի բանակցային հաջողություններին: Իսկ բանակցային հաջողություններ, պարզ է, որ չկան: Կա ընդամենը բլեֆ, որը վաղուց գաղտնազերծվել է ու նույնիսկ պառլամենտի ամենահիմար պատգամավորը գիտի, որ բոլորը միասին մասնակցում են աշխարհի ամենահիմար խաղին, որն այնքան անհեթեթ է, որքան մանանեխով պաղպաղակը: 

Այդուհանդերձ, երկրում իմիտացիաները շարունակվում են. Քոչարյանը ձևացնում է, թե լեգիտիմ նախագահ է ու երկիր է շինում, վարչապետը ձևացնում է, թե Վազգեն Սարգսյանի ծրագրերն է իրականացնում ու ամեն առիթով աչքերն է լցնում, ԱԺ նախագահն իրեն հռչակել է Կարեն Դեմիրճյանի միակ լեգիտիմ սան ու, որպես Լոս Անջելեսի համալսարանի պատվավոր ակադեմիկոս, մեր թերուս պատգամավորների լեզվական սայթաքումներն է ուղղում, իսկ մեր թերուսները պառլամենտ են գալիս, որ խորհրդարանի ղշերին ԱԺ բուֆետում սառած լանգետ պատիվ տան: Նախարարներն ամեն հինգշաբթի, իրար դիմաց նստած, հայացքները հառում են մի քանի կապոց օրենսդրական նախաձեռնությունների ու ձևացնում, թե կարդում են, իսկ իրականում՝ քուններն է տանում: 

Այս համատարած խոնջ ֆոնի վրա Ռոբերտ Քոչարյանն անկառավարելի շարժումներ է անում՝ էլ ավելի սրելով իրականության անհեթեթությունը: 

Արդյունքում՝ ոչ մեկին ոչինչ իրականում չի հետաքրքրում: Քաղաքական գործիչներն ու ժողովրդի մասին անխափան մտածող կուսակցությունները, անգամ ռադիոլսողների բարեկամ պատգամավորները, վաղուց արդեն հասկացել են, որ այս ճանապարհը նույնիսկ հին, կոտրած տաշտակի առաջ չի կանգնեցնելու ու մանթրաշից քունները տանում է: 

Բոլորն էլ հասկացել են, որ Ղարաբաղի հարցը լուրջ է, բոլորն էլ ձևացնում են, թե մտահոգությունից խփնվել են ու հեսա հայտարարություն են անելու, իրականում, բոլորն էլ ուզում են, որ հարցը հնարավորինս ձգձգվի, մինչև տեսնենք ինչ է գալիս գլխներիս: 

Հարցի սառեցումը ձեռնտու է բոլորին. հանրապետության նախագահին, քաղաքական մկնագույն ներկապնակին, Ղարաբաղի համար արյուն թափածներին ու նույնիսկ նրանց, ում էն գլխից Ղարաբաղը պետք չի եղել: 

Ուստի, պետք չի ասել, թե մեր սպասումների Քի Ուեսթին մնաց մի քանի օր: Սպասումներ պարզապես չկան: Լավագույն սպասումը հարցը ծամոնի պես ձգելն է՝ այլապես կստացվի, որ «Լևոն, հեռացիր» գոռացողներն այսօր բորտավոյ պենջակներ պիտի առնեն, որ մանթրաշից սուլելիս՝ պենջակի բորտը քաշեն վերև: Կարգն է այդպիսին:

Ն.Կ. 

«Չորրորդ իշխանություն», մարտի 27, 2001թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1046 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ