ՀԵՆԱՐԱՆԸ՝ ԳՈՐՇՈՒՅԹ
Մարդկության պատմության մեծագույն առեղծվածներից են տարբեր կարգի և տրամաչափի բռնապետները: Պոլ Պոլտն ու Հիտլերը, Ստալինն ու Պինոչետը, տարբեր տեսակի բոկասաններն ու դյուվալյեները միշտ էլ շարժել են ժողովրդի բնական հետաքրքրասիրությունը և ստիպում էին ցանկացած րոպե համեմատել նրանց վարքը տվյալ երկրի ղեկավարի վարքի հետ:
Ցանկացած բռնակալ իշխանության է գալիս օրենքը խախտելով: Ավելի ճիշտ, օրենքի խախտումը առաջին քայլն է, որը նորմալ մարդուն դարձնում է բռնակալ: Դա հասկանալի է՝ իշխանության լեգիտիմ ստանձնումը բարձրագույն իշխանության կրողին կապում է բազմաթիվ քաղաքական պարտավորություններով: Որոնցից առաջինը սեփական ժողովրդի հանդեպ պարտքն է: Իշխանությանն անօրինական տիրանալը կամ բռնազավթումը, եթե հարգելի ընթերցողին ավելի հաճելի է այդ բառը, նույնն է, ինչ որ առաջին գրպանահատությունը սկսնակ գողի համար: Հիտլերը վառեց Ռայխստագի շենքը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա: Պոլ Պոտն իր հայրենիք մտավ օտար զորքերի հետ՝ մտադրվելով իր երկիրը դարձնել հարևան երկրի պրովինցիա:
Եվ տարբերություն չկա արդյոք իշխանության բռնազավթման համար օգտագործվել է ներոնյան դաշո՞ւյնը, թե՞ Պինոչետի համար Չիլիի ափերին մոտեցած ամերիկյան հածանավերը, կամ պարզապես ԺԷԿ-ի տեղեկանքի կեղծումը և ընտրացուցակների ուռճացումը՝ բռնազավթումը մնում է բռնազավթում: Երկիրն արդեն շեղվում է բնականոն ճանապարհից և մտնում է բռնապետության արատավոր շրջանը:
Ցանկացած բռնակալ, զավթելով իշխանությունը, պետք է գտնի իր համար արժանի հենարան: Բնական է, այդ դերին պիտանի չէ որևէ քաղաքական ուժ, քանի որ ցանկացած քաղաքական ուժ ինչ-որ տեղ արտահայտում է հասարակության որոշակի հատվածի կարծիքը: Եվ այդ կարծիքը հաշվի առնելը կարող է սահմանափակել տվյալ անձի միահեծան իշխանությունը:
Նշենք, որ այս հարցում բոլոր բռնակալները միանման են: Նրանցից ցանկացածի համար քաղաքական հենարան է ծառայում չինովնիկական գորշ զանգվածը: Ընդ որում, պարտադիր պայման է հանդիսանում չինովնիկական համակարգի փակ լինելը, որպեսզի Աստված չանի որևէ մտածող մարդ չկարողանա այնտեղ հայտնվել: Եվ էական չէ, թե դա ինչ եղանակով է կատարվում՝ զանգվածային ռեպրեսիաների՞, ինչպես նախընտրում էին Հիտլերն ու Ստալինը, պարտադիր կուսակցական դպրոց անցնելո՞վ, թե՞ համապատասխան օրենքով: Կրկնում եմ՝ դա էական չէ, էական է արդյունքը՝ լսող և չափավոր երկյուղած դասը միշտ հավատարմորեն կծառայի տիրոջը:
Բացի չինովնիկությունից ցանկացած բռնապետի անհրաժեշտ է իր իշխանությունը պաշտպանող մարդկանց խումբ: Դա կարող են լինել և ՆԿՎԴ-ի տրոյկաները և գեստապոյական քննիչները: Հետևաբար էականը ոչ թե թիկնոցն է կամ համազգեստը, այլ նրանց տակինը: Բռնապետն ունի նաև իր տնտեսական հենարանը: Տարբեր տեսակի արդյունաբերական ֆյուրերները հիտլերյան Գերմանիայում, խոշոր հողատերերը լատինաամերիկյան բռնապետություններում: Մեզանում, ինչպես կռահեց ընթերցողը, մեզ գրեթե հարազատ դարձած կլաններն են: Իսկ այժմ մենք անցնում ենք թերևս ամենատխուր հատվածին:
Ցանկացած բռնապետություն մի օր ավարտվում է: Աշխարհում բոլորին սարսափ ներշնչող ՆԿՎԴ-ական ստալինյան համակարգը ոչնչացավ նրա մահվանից մի քանի ամիս հետո, իսկ այդ համակարգի ծնունդ հանդիսացող խորհրդային կայսրությունը տապալվեց մի քանի տասնյակ տարի հետո ժողովրդավարական ուժերի պայքարի արդյունքում: Բայց հնարավոր է և ավելի պարզ տարբերակ: Այն ուժերը, որոնք իշխանության են բերում տվյալ բռնապետին, պարզապես ազատվում են նրանցից, ինչպես անպետք իրերից: Ինչպես ժամանակին ռյազանյան դիվիզիան ազատվեց Աֆղանստանի կառավարիչ Ամինից: Իսկ մեզ ինչ է սպասում: Չէ որ պարադոքսն այն է, որ ինչպես չեն լինում լավ բռնապետներ, այնպես էլ չեն լինում այդ հիվանդության անցավ բուժումներ:
Ա. Ալեքսանյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 339, մարտի 1, 2002 թ.