Ծանր առավոտով ազդարարվեց 2022 թ․ սեպտեմբերի 21-ը։ Անկախության 31-րդ ամյակի տոնակատարությունները հետաձգված են, և օրն սկսկվեց Եռաբլուրից և Եռալուրով։ Զոհված զինծառայողների ծնողներից ոմանք շտապել էին պանթեոն, որպեսզի կանխեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Բայց ոստիկանության հատուկ ջոկատները մինչև Փաշինյանի այցը «վնասազերծեցին» տարածքը։ Շուրջ 3 տասնյակ ծնողներ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ։ Նրանց մեջ էին նաև երկու կին, որոնց մարմնական վնասվածներ ստանալու փաստն ավելի ուշ հայտնի դարձավ։ Ցավալի տեսարան էր․ մի կողմում որդեկորույս ծնողներ՝ գունատ ու անկենդան աչքերով հայրեր ու անիծող, ցավից գոռացող մայրեր, մյուս կողմում ծառայություն իրականացնող կարմիր բերետավորներ, որոնք կատարում էին հրահանգը՝ գուցե մտքում հաշվելով օրերը, թե երբ է գալու սահման մեկնելու իրենց հերթը։
Հետո եկան Փաշինյանն ու նրա կառավարությունը։ Հատուկ ջոկատայինների շղթայում նրանք կարողացան պսակներ դնել, մի քանի րոպե կանգնել համալիրում և հեռանալ՝ խմբով ու շարքով։
Շատ չէր անցել, երբ ծնողներից մեկը եկավ Եռաբլուր և Նիկոլ Փաշինյանի ու կառավարության այլ անդամների պսակները հեռացրեց դրված տեղից՝ այն նետելով հարակից տարածքի խոտածածկ մակերեսին։ Տղամարդը գոռում էր, հայհոյում, վիրավորում նրանց, որոնք հերոսի ծնողրեին «ոտուձեռ են արել ու տարել» Եռաբլուրից։ Հրաման տվողին էլ, հրաման կատարողին էլ։ Թվում էր՝ տղամարդու հեռանալով Եռաբլուրը կհանդարտվի։ Բայց դեն նետված ծաղկեպսկաների մոտ վերադարձավ սևազգեստ մայրերից մեկը։ Նիհարակազմ ու վտիտ կինը ջարդեց ընկած պսակների փայտե «ռամկաները», դրանք շպրտեց ընկած ծաղկեպսակների վրա ու հեռացավ։
Եռաբլուրում այն բոլոր տղաներն են, որոնք երեկ ու այսօր դիամդրել են, որ լինենք։ Լինենք անկախ ու ինքնիշխան։ Ցավոք հարցականներ կան հիմա, բայց մեկ բան հաստատ է՝ նրանք կռվել են, նահատակվել են, հերոսացել են, որ չավարտվի 31 տարի առաջ բացված էջը։
Գոհար Վեզիրյան