...

Ծառուկյանն օր առաջ պետք է փակի այս արտադրամասը. կապանցի

Ծառուկյանն օր առաջ պետք է փակի այս արտադրամասը. կապանցի

Ապօրինի կառույց

Կապանի բնակչությունն ու 10 հասարակական կազմակերպություններ արդեն մեկ շաբաթ է՝ ստորագրահավաք են կազմակերպել ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու դեմ: 

Կապանի օդանավակայանի հարևանությամբ է արտադրամասը կառուցվել,  բայց դեռ ամբողջությամբ չեն կայացել ՇՄԱԳ-ի վերաբերյալ հանրային բոլոր 4 լսումները: Ըստ կապանցիների՝  չկա նաև  Շրջակա միջավայրի նախարարության դրական եզրակցությունը, համայնքապետարանն էլ շինթույլտվություն չի տվել:

2017 թվականին համայնքի ղեկավարը որոշում է կայացրել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին տուգանել: Ընկերությանը պահանջ էր ներկայացվել դադարեցնել շինարարությունը, մինչև չկատարվեն օրենքով սահմանված փաստաթղթային ձևակերպումները: Ապօրինի շինարարությունը, սակայն շարունակվել է:

Տեղի ունեցած հանրային 3 լսումները կապանցիները տապալել են: Իսկ սեպտեմբերի 24-ին սպասվող հանրային լսումը վերջին է լինելու և վճռորոշը:

«Կապանի նորաբաց օդանավակայանը և զբոսաշրջության զարգացումը անհամատեղելի են: Մենք դեմ չենք, որ մարդիկ աշխատատեղեր ունենան, բայց թող արտադրամասը բնակելի տներից հեռու կառուցեն»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց Կապանի բնակչուհի Անի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքի  բնակչությունը կտրականապես դեմ է ցեմենտի արտադրամասին, միայն մի քանի հոգի է կողմ: Նրանք էլ այդ արտադրամասի  աշխատակիցներն են: Անին տարբեր ուսումնասիրությունների համար հարցումներ է անցկացնում տարածաշրջանում: Ասում է՝ հանքարդյունաբերությունը քչերի օրվա հացի խնդիրն է լուծում, բայց շատերին է վնաս հասցնում:

«Քաջարանում հանդիպել եմ 30-40 տարեկան կանանց, ովքեր քաղցկեղով հիվանդ են և քիմիոթերապիա են ընդունում: Նրանք հանքարդյունաբերական գործարանի մոտ են ապրում, բայց չունեն ո՛չ աշխատանք, ո՛չ առողջություն: Նույն վիճակն է նաև Կապանում: Մի կին կա, որ աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, հիվանդ էր, գործարանի կողմից ուներ ապահովագրություն, բայց այդպես էլ նրան չֆինանսավորեցին»,- մտահոգվեց նա:

Սպասումներ՝ Գագիկ Ծառուկյանից

Կապանի բնակիչ Տիրայր Ղահրամանյանը հայտնեց, որ ստորագրահավաքի արդյունքերով կդիմեն Շրջակա միջավարի նախարարությանը և խորհրդարանին:

Ստորագրահավաքից բացի, կապանցիները նաև բաց նամակով դիմել են Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ ընկերությունն առանց համապատասխան թույլտվության, հասարակական լսումներ կազմակերպելու ինքնակամ կառուցապատել է արտադրամասը, ինչն անվստահություն ու դժգոհություն է առաջացրել ընկերության նկատմամբ:

Տիրայր Ղահրամանյանի խոսքով՝ եթե Ծառուկյանը ցեմենտի արտադրամասը չփակի, կստիպեն, որ խոստումը կատարի: Ծառուկյանը հայտարարել էր, որ իրեն պատկանող հանքերը չի շահագործի, եթե հասարակությունը դեմ լինի:

«Եթե ասում է՝ կփակեմ, ուրեմն, օր առաջ պետք է փակի այս արտադրամասը: Ստեղ արդեն 2 պոչամբար կա, հանք կա, ու մի հատ էլ ցեմենտի փոշի շնչենք»,- դժգոհեց բնակիչը:

Ի դեպ, ըստ կառուցողապատողի, արտադրամասում չի նախատեսվում ունենալ վառարան, կատարել եփման պրոցես, որոնք բնապահպանական ռիսկեր են պարունակում։ Տիրայր Ղահրամանյանի պնդմամբ՝ արտադրամասը կարող է գործել, եթե բնապահպանական նորմերին համապատասխան լինի: Ըստ նրա, սակայն, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ բնապահպանական ճիշտ եզրակացություն չի լինի: Հետևաբար կապանցիները ցեմենտի փոշի շնչել չեն պատրաստվում:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ