ՄԻՆՉԵՎ ՎԱՆԵՑՅԱՆ ՎԱՏԱՑԵԼ ԵՆ
Այս շաբաթն աչքի ընկավ գարնանային սրացումների շեշտակի աճով: Դրսում աշուն է, գիշերները մինուս է, իսկ ահա ներքաղաքական դաշտում գարնանային սրացում արտահայտությունն է թևածում:
Ֆուտբոլային աշխարհում է դա հատկապես աչք զարնում: Մի ամբողջ ֆեդերացիա է վատացել: Դեղերն էլ դժվար օգնեն: Վատացել է Հայաստանի ազգային հավաքականը, որն իր պատմության մեջ խոշորագույն պարտությունը կրեց՝ 1:9: Դատելով մեր հավաքականի խաղացողների շարժումներից, ենթադրում ենք, որ նրանք հիվանդությունների մի ամբողջ ծաղկեփնջով էին խաղադաշտ մտել. մի երկու հոգի փորկապի խնդիր ուներ, փորլուծով կիսապաշտպան տեսանք, մի 5-6 հոգի ոտքի ուժեղ ցավերի պատճառով չէին կարողանում վազել: Իսկ դարպասապահը շատ ռոմանտիկ տղա դուրս եկավ. երևի ողջ կյանքում երազել էր թռչունի պես երկինք թռչել. ողջ խաղի ժամանակ, ձեռքերն ու ոտքերը թափահարելով, փորձում էր դեպի վեր խոյանալ, բայց մինչ երկրի ձգողականության ուժը նրան իջեցնում էր գետնին, հերթական գոլն էինք ուտում:
ԳՏԵԼ ԵՆ ՄԵՂԱՎՈՐԻՆ
Հետո վատացան ՀՖՖ գործկոմի անդամները: Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը մտքի ինչ-որ բռնկումներ էր ունենում. պարբերաբար հայտարարում էր, թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը վատ մարդ է, մեղավոր է այդ չարաբաստիկ պարտության համար: Ամենասուր նոպաների ժամանակ պատգամավորը պատմում էր, թե այդ Արթուր Վանեցյանը հազար ու մի հանցագործություն չի բացահայտել, կամ կոծկել է:
Պայմանավորված խաղերից մինչև դատավորներ, ցանկը բավական մեծ էր: Կարծես Վանեցյանին իրենք չէին ընտրել, մի հատ էլ՝ գովաբանել, թե հեսա տեսեք, ինքը հայկական ֆուտբոլում ինչ հեղափոխություն է անելու, մեր հավաքականը մորթելով սաղին առաջ է գնալու: Տեսանք, մորթելը որն է:
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՀԵՆՈՅԻՆ
Հետո վատացման ալիքը հասավ կառավարություն: Այնտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խորհրդական ունի՝ Մեսրոպ Առաքելյանը, նույն ինքը՝ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահը: Հիմա թե ինչ ճանճ է կծել իրեն, բայց հանկարծ ու հայտարարել է, թե հավաքականում մթնոլորտի կտրուկ փոփոխություն պետք է լինի, իսկ Հենրիխ Մխիթարյանին պետք է զրկել ավագի թևկապից, քանի որ նա թքած ունի հավաքականի վրա:
Մենք Ռուբեն Հայրապետյանին ինչի՞ էինք քննադատում. ասում էինք, որ իրավունք չունես որոշելու, թե ով խաղա հավաքականում, ով՝ չխաղա, դա մարզիչը պետք է որոշի: Այո՛, գիտեինք, որ Յուրա Մովսիսյանն իրեն այնքան էլ լավ չէր պահում հավաքականի հավաքներին, բայց մեկ է՝ դա ՀՖՖ-ի նախագահի գործը չէ:
Իսկ հիմա ՀՖՖ ինչ-որ աուդիտի կոմիտեի ղեկավար հանկարծ ու Մխիթարյանին է պախարակում: Ասել ասել ես, բոլորին հայտնի, տեսնենք, թե Մխիթարյանը ինչպես է թքած ունեցել հավաքականի վրա: Ունեցած-չունեցածներս Մխիթարյանն է, բռնել, ոնց որ զոռով հավաքականից դուրս հանեն: Վարչապետի խորհրդականի այս հայտարարությունից կարող ենք մի բան վստահ ասել. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այս պահին բարդակ է: Շունը տիրոջը չի ճանաչում: Ով ինչ ուզում, դուրս է տալիս՝ հաշիվ չտալով դրա հետևանքների մասին:
ՆԱԽԿԻՆ ԿԱԳԵԲԵՇՆԻԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Ցավոք սրտի, վատացումների այս համաճարակը հասավ նաև Արթուր Վանեցյանին: Ընդ որում, նրա մոտ ամենասուր նոպան էր, որի պատճառով բարդակ է ոչ միայն նրա ղեկավարած կառույցում, այլև ուղեղում:
Մի կողմ ենք թողնում հին հայկական ասույթը՝ «ասա, ում ես հարցազրույց տալիս, և ես ասեմ, ով ես դու»: Բայց դա վերջն է, երբ լրագրողը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հարցնում է... Սորոսի գրասենյակի մասին: Հարցնում է՝ Սորոսի գրասենյակը Հայաստան պետության համար վտանգներ պարունակո՞ւմ է: ՀՖՖ նախագահին: Ու սա էլ չի ասում՝ ես ֆուտբոլային ֆունկցիոներ եմ, ինձ հարցրեք հայկական ֆուտբոլից, սպորտից, ծայրահեղ դեպքում՝ Մել Դալուզյանից, բայց ոչ՝ Սորոսից, այլ պատասխանում է, լուրջ դեմքով հայտարարում է՝ այո, վտանգ է սպառնում:
Որ ասում ենք, ուղեղում բարդակ է, իմացած եղեք՝ մեղմ ենք ասում: Մեզ հետաքրքրում է, այս մարդուն ո՞նց են նշանակել ԱԱԾ պետ, ո՞ր արժանիքների համար: Լավ, մոռանանք, որ իրեն՝ որպես ԱԱԾ պետ, գաղտնալսել են: Լավ, ընդունենք, որ չգիտենք, մի շարք քրեական գործեր «փոզմիշ» է արել, ջրել, համարենք, որ չենք լսել, թե ինչպես է Վահագն Հարությունյանին և Միքայել Մինասյանին զգուշացրել, որ Հայաստանը լքեն, քանի դեռ քրեական հետապնդման չեն ենթարկվել Հայաստանում, բայց հիմա Արթուր Վանեցյանը հայտարարում է, թե Սորոսի գրասենյակը վտանգավոր է Հայաստանի համար... լրագրողը չի հարցնում, բա դու ԱԱԾ պետ էիր, ի՞նչ ես արել Հայաստանի համար վտանգ ներկայացնող այդ կառույցը վնասազերծելու համար, ի՞նչ տեղեկություններ ունես, ինչի՞ չես այդ մասին ավելի վաղ հայտնել, եթե նոր ես իմացել, արդյոք այդ տեղեկությունները փոխանցե՞լ ես հատուկ ծառայություններին: Սա ի՞նչ կարգի ԱԱԾ պետ է եղել, եթե հանդուրժել է, որ իր քթի տակ Հայաստանին վնաս հասցնող կառույց աշխատի: Իսկ Սորոսի գրասենյակը արդեն մի 20 տարի կլինի, ինչ գործում է Հայաստանում:
Ահա այսպես, պարզվում է, որ մենք ունեցել ենք ոչ թե ԱԱԾ պետ, այլ ինչ-որ թյուրիմացություն: Մեղմ ասած:
Ա, դե ճիշտ են ասում էլի, նախկին կգբ-շնիկ չի լինում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019