Ակնհայտ է, որ հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքը վճռական նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա ներքաղաքական զարգացումների վրա: Որքան էլ իշխանության կողմնակիցները փորձեն հեգնել և կանխատեսել, թե մի քանի հարյուր մարդ է հավաքվելու, պարզ է, որ դա ավելի շատ ինքնախաբկանք է: Այո, կառավարություն փոխելու մեծ հասարակական պահանջ չկա, էլ ավելի մեծ է վերադարձ անցյալին ցանկության բացակայությունը, բայց նաև իրավիճակի և ռեսուրսների սխալ գնահատական է, թե եռյակը հավաքելու է մի քանի հարյուր մարդ:
Այդ հանրահավաքի մարդաշատության համար, ռևանշի ուժերը դնելու են իրենց բոլոր ռեսուրսները, իսկ դրանք հաստատ մի քանի հարյուր մարդ չեն: Ասել, թե միայն վարձկաններ են մասնակցելու հանրահավաքին, նույնպես սխալ է: 2018 թվականի իրադարձություններից հետո Հայաստանում առաջացել է մի սոցիալական խումբ, որը շատ դժգոհ է իր կյանքից, և նրանց թիվն ամենևին էլ մի քանի հարյուր հոգի չէ: Հազարավոր ընտանիքներ, տասնամյակներ շարունակ հանցավոր տարատեսակ ճանապարհներով ամսական գեներացրել են մի քանի հազարից մինչև տասնյակ հազարավոր դոլար գումարներ: Դա առանց բիզնես գործունեության, պարզապես կոռուպցիայի և կաշառքի շնորհիվ: Հիմա նրանք կտրվել են եկամտի այդ աղբյուրից և շատ դժգոհ են: Եթե անգամ իշխանությունն ամեն ինչ ճիշտ աներ և այս տարի, օրինակ, 20 տոկոս տնտեսական աճ ունենայինք, միևնույն է, նրանք դժգոհ էին լինելու, որովհետև դա չէր փոխհատուցելու նրանց կորցրած եկամուտները: Եվ չպետք է բացառել, որ նրանք պակաս ոգևորությամբ կպայքարեն իրենց խախտված «իրավունքների» համար, քան իրենց համոզմունքների համար պայքարողները: Փողի կորուստը պակաս շարժիչ ուժ չէ: Սոցիալական կայքերում նրանց կռիվը պարզ ցուցադրում է, որ չունեն բարոյական արգելքներ և սոված գազանի նման կպայքարեն իրենց բաժին միսը վերադարձնելու համար:
Իշխանությունը ոչինչ չարեց, որ ռևանշի ուժերը վերջնականապես մարգինալացվեն և նրանց հետ համագործակցությունը դիտվի որպես խայտառակություն և սև բիծ հետագա կենսագրության համար: Դրա համար անհրաժեշտ չէր 2050 թվականի ռազմավարություն ներկայացնել կամ անգամ ասֆալտ փռել: Դրա համար անհրաժեշտ էին դատական համակարգի լրջագույն փոփոխություններ: Դրա համար անհրաժեշտ էին ոչ թե ստատուսի մակարդակով գնահատականներ անցյալին, այլ խորհրդարանի մակարդակով հստակ գնահատականներ կեղծված ընտրությունների վերաբերյալ:
Քանի դեռ ուշ չէ, վարչապետի մակարդակով հասարակության հետ պետք է սկսել անկեղծ խոսակցություն վերջին երկուսուկես տարվա վերաբերյալ: Սխալներ անելու և վերջում ճիշտ դուրս գալու փիլիսոփայական դատողությունները մի կողմ դնել և անկեղծ խոստովանել, թե որտեղ են սխալվել: Ինչ հաշվարկներ են արել և որտեղ են սխալ դուրս եկել: Խոստովանել, որ սխալվել են՝ կարծելով, թե միայն Սերժի հեռացումով կկազմաքանդվի ողջ բուրգը: Սահմանադրական դատարանի փորձությունը դրա լավագույն ապացույցն է: Մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում չգիտեին, թե ինչ է պայքարը, այսօր դարձել են լուրջ պայքարողներ: Իսկ դա հնարավոր եղավ, որովհետև իշխանությունը գործեց շատ դանդաղ, կիսատ-պռատ՝ կարծելով, որ նախկիններին ծառայածները կծառայեն նաև իրենց:
Առաջիկա օրերի զարգացումները նաև էական նշանակություն կունենան, թե կողմերը ինչ վճռականությամբ կմոտենան հոկտեմբերի 8-ին: Եթե չկարողացան գոնե երկրորդ փորձից Ծառուկյանին կալանավորել, ապա ռևանշիստների ախորժակներն անհամեմատ կաճեն, և հանրահավաքը չի դառնա մեկանգամյա միջոցառում: Դատարանների գործերին չխառնվելու ձեռագիրը մի կողմից կավելացնի հասարակության հիասթափությունը, մյուս կողմից էլ եռյակին կմղի ավելի վճռական քայլերի:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020