«Հայաստան» դաշինքը Facebook-ի իր էջում քարտեզներ է հրապարակել, որտեղ Հայաստանի քարտեզն է՝ Նիկոլ Փաշինյանից առաջ, հիմա, որտեղ բազմաթիվ հայկական տարածքներ արդեն թուրքական դրոշներով են, և նույն քարտեզն արդեն զգալիորեն շատ թուրքական դրոշներով՝ ապագայում, եթե Նիկոլ Փաշինյանը մնա։ «Նիկոլիզմի հետևանքները և զարգացման հեռանկարները, նայի՛ր նկարին. սա՛ էր թավշյա հեղափոխության արդյունքը» գրված է դաշինքի ֆեյսբուքյան էջում, որին հետևում են հարցադրումներն ու եզրահանգումները․
«Մի՞թե այսպիսով մեր հազարամյա պատմությունը պիտի ավարտվի։ Արդյո՞ք մենք դա թույլ ենք տալու։ Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ պետք է ծածանվեն միայն հայկական դրոշներ։ Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք, երբ իրար չենք ատում։ Մենք կանգնեցնելու ենք այս հայասպան ծրագիրն ու դրա իրականացնողներին։ ԱՍՏԾՈՎ, ՈԳՈՎ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ։ ️Այսօր, ժամը 16:00-ին բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»:
Փողի մեջ լող են տալիս, բայց մի երկու նորմալ մասնագետ էդպես էլ չգտան, որ իրենց օգտին աշխատեր։ Տեսնես՝ այս երկրորդ դասարանի շարադրությունը իրենց ֆեյսբուքյան պատին դնելիս ի՞նչ են մտածել։ Կարծել են, որ ով սա կարդա, ափալ-թափալ շտապելու է Ֆրանսիայի հրապարա՞կ։ Լո՞ւրջ: Իրականում տեքստը ոչ մի բանի մասին է, քաղաքական մեսիջներ չկան, այն մոտիվացնող չէ, էմոցիոնալ առումով էլ բավականին թույլ ու աղքատ է։ Դաշնակցական երգերի համար գուցե որպես տեքստ ծառայի, չնայած՝ էլի թույլ է։ Չէ, չմտածեք՝ ատելության խոսք ենք գեներացնում, պարզապես կարեկցանքից դրդված ենք քննարկում։ Կարող էինք թաքուն ծիծաղել ու առաջ անցնել։
Գոհար Վեզիրյան