...

Ձե՛նդ, այ...

Ձե՛նդ, այ...

«Վերնատուն» ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբվել սիրտ շոյող «քաղցր» խոսքերով: Դա կարևորագույն խնդիր է նաև բոլոր ազգային քաղաքական ուժերի համար՝ նորից չտրվելու ամբոխային կարծիքներին, որոնք վարպետորեն ձևավորում են մեր երկիրը զավթած դրսի թշնամական ուժերը:

Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն, որը կհամախմբի ժողովրդին, կվերականգնի հարաբերությունները մեր բնական դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ և ունակ կլինի լուծելու մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները»:

«ՉԻ». Էսքան լոլո կարդալու փոխարեն Վազգեն Մանուկյանն ավելի լավ է՝ միանգամից ասեր, որ ուզում է իշխանության գալ: Որովհետև աշխարհում միայն մի հոգի կա, որը կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող է. իհարկե՝ Վազգեն Մանուկյանը: 30 տարի այս մարդը պայքարել է իր եզակիության և ազգը փրկելու առաքելության մենաշնորհի համար:

Բայց Վազգեն Մանուկյանը կյանքում չի խոստովանի, որ այս պատերազմն ու դրա աղետալի հետևանքները նաև իր խղճին են: Երբ 1997-ին պատերազմը վերջնականապես ավարտելու և խաղաղություն հաստատելու նախադրյալներ էին ստեղծվել, մեկը ինքն էր, որ գործարքի գնաց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ և 1998 թվականի հեղաշրջմանը մասնակցելով՝ վիժեցրեց խաղաղության հաստատման գործընթացը: Ու դրանից հետո 20 տարի էլ «ոչ մի թիզ» կարգախոսով ամուր կանգնած է եղել երկիրը աղետի հասցրած ուժերի կողքին:

Հիմա եկել, հերթական անգամ իշխանափոխությունից է խոսում: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանից է աղերսում, թեպետ ճիշտ կլիներ, որ առաջիններից մեկը ինքը քաղաքական թատերաբեմից վերանար: Թատրոն չի մնացել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ