...

Ձեր ապաշնորհությունը և հանցագործությունները չվերագրեք ժողովրդին

Ձեր ապաշնորհությունը և հանցագործությունները չվերագրեք ժողովրդին

Քաղաքական ուժերի մեծամասնությունը նոր թրենդի մեջ է: Այլևս ակտուալ չէ միմյանց մեղադրելը, սև ու սպիտակի բաժանելը, դավաճան պիտակավորելը կամ վրեժ լուծելու կոչեր անելը: Հիմա կա նոր թրենդ. ամեն ինչի մեջ մեղավոր է ժողովուրդը: Այո, ըստ գործող իշխանության և իրենց ընդդիմադիր հռչակած 17 կուսակցությունների՝ ժողովուրդն է մեղավոր ստեղծված վիճակի համար:

Իրենք արել են իրենցից կախվածը, բայց ժողովուրդը խոհեմություն չի դրսևորել և մրցունակ պետականություն չի կառուցել:

Գործող իշխանությունն այնպես է ներկայացնում հայոց նորագույն պատմությունը, կարծես հայ հասարակությունը միջինասիական միջին վիճակագրական հասարակություն է, երբեք չի ընդվզել, երբեք չի պայքարել իր իրավունքների համար, երբեք չի փորձել սատարել պետականությանը և միայն հրաշքով 2018 թվականին ոտքի կանգնեց: Իսկ հրաշքի անունը բոլորս գիտենք: Առիթ-անառիթ աննախադեպը հնչեցնելն էլ՝ դրա լավագույն ապացույցը:

Տապալել են զորակոչը՝ ժողովուրդն է մեղավոր. լավ չպայքարեց, չուզեց կռվել հայրենիքի համար: Կարծես պատմության մեջ կա նախադեպ, որ պատերազմող երկրի արական սեռի բոլոր ներկայացուցիչները առանց բացառության մեկնում են ռազմաճակատ: Կոչերը, հորդորները, սեփական ընտանիքի օրինակները, իհարկե, լավ են, բայց ոչ մի դեպքում չեն կարող փոխարինել կազմակերպված զորակոչին: Ժողովուրդը մեղավոր չէր, որ մի կողմից զինկոմիսարիատներն իրենց դիմած քաղաքացիներին ուղարկում էին տուն, իսկ մյուս կողմից՝ լուրեր տարածում, որ դիմող չկա: Ոչ թե առաջնագծում էր պետք պայմանական ՍՄԵՐՉ տեղադրել, այլ մի քանի զինկոմիսարիատներում, որ թիկունքում նստած և տարիներ շարունակ զինվորական գրքույկ վաճառողները հիմա էլ սաբոտաժ չանեին:

Իշխանությունների հետ միաձայն նույն երգն են երգում նաև իրենց ընդդիմադիր հռչակածները: Թե իբր ժողովուրդն է մեղավոր, որ 2018 թվականին առանց հեռուն մտածելու իշխանության բերեց այս թիմին: Եվ միայն այդ պատճառով մենք հայտնվեցինք այս վիճակում, կորցրեցինք հայրենիքի մի մասը, ունեցանք հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ և, ի վերջո, անկախության օպտիմալացում:

Չէ, իրենք մեղավոր չեն, որ քսան տարի կեղծեցին բոլոր հնարավոր ընտրությունները՝ գյուղապետի ընտրություններից սկսած, ավարտած հանրաքվեներով, չմոռանալով խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Ոչ, իրենք մեղավոր չեն, պարզապես քսան տարի հանդուրժել էինք, պետք է ևս մի այդքան հանդուրժեինք: Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը, և՛ մնացածը կազդվեին ու չէին հարձակվի Հայաստանի վրա: Հաստատ կքաշվեին Տարոն Մարգարյանի ընտրակեղծարարների գումարտակներից ու փեսա Միշիկի մեդիա տեռորից:
Եթե երկու տարի առաջ հեղափոխություն տեղի չունենար, ապա նախկին իշխանությունը այնքան «Համեր» և «Գելենդվագեն» կգներ, որ էական հակակշիռ կլիներ թուրքական «Բայրաքթարին» ու իսրայելական «Հերմեսին»: Ինչը, անշուշտ, ադրբեջանաթուրքական տանդեմին կստիպեր հազար անգամ մտածել ու նոր հարձակվել Հայաստանի վրա:

Եթե երկու տարի առաջ հեղափոխություն տեղի չունենար, ապա նախկին իշխանությունը կգներ ևս մի քանի հարյուր անշարժ գույք Փարիզում, Մոսկվայում ու Լոս-Անջելեսում, և վերը նշված տանդեմը չէր հարձակվի Հայաստանի վրա, քանի որ առաջնագծի զինվորները հրետակոծությունից թաքնվելու տեղ կունենային:

Կասեք տեղին չէ սարկազմը: Իսկ ինչո՞ւ տեղին չէ: Իրականություն չէ՞, նախորդ իշխանությունները այդ նախապատվությունները չե՞ն ունեցել:

Այնպես որ, չփորձեք ձեր ապաշնորհությունը, ապիկարությունը և հանցագործությունները բարդել ժողովրդի վրա:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1155 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ