Եվրոպացի գործընկերները վստահեցրել են, որ պատրաստ են ազատականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Սակայն հետո, երբ Եվրամիության մի քանի երկրներում անցկացվել են խորհրդարանական և նախագահական ընտրություններ, Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման քննարկումը ոչ ակտուալ է դարձել։
Սա էլ իշխանության հերթական ստերից է։ Հեղափոխությունից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոստանում էին, թե Եվրամիության երկրները արդեն որպես դեմոկրատական պետություն ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու են, և հայերն այլևս կկարողանան ազատ ելումուտ անել Եվրոպա։ Հետո սկսվեց ավիատոմսերի էժանացման բումը։ Որոշ ժամանակ անց սա էլ վերջացավ։ Հիմա էլ հայտարարում են, թե վիզաների ազատականացումը Հայաստանի մասով այլևս ակտուալ չէ։ Մանրից պատրաստվում են ավետել, որ Հայաստանն էլ ինչ-որ պահից այլևս «ակտուալ» չի լինելու Եվրոպայի համար։ Բա ժողովրդավարության բաստիոնն ու բարձրագույն լիգան ո՞ւր մնացին՝ ներքին սպառման լսարանի միամիտների համա՞ր, թե՞ մի օր որևէ առիթով կհայտարարվի, որ այս հարցն էլ փակված է ոչ ակտուալության պատճառով։
Գոհար Վեզիրյան