ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր վարչապետության տարիների ամենածանր հարվածն այն է եղել, երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել է, և Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ: «Դա ինձ համար ամենամեծ հարվածն ա եղել: Ձեզ կարող ա թվալ՝ նոյեմբերի 9-ից հետո ա եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրոշը ոտի տակ տված պաշտոնյայի մեջքը ցավում ա, դրոշի համար աշխատանքից հանում ե՞ք: Դա ամենամեծ հարվածն ա եղել»,- ընդգծեց Փաշինյանը:
Այ, այ, այ։ Ինչպիսի հուզականություն, ինչպիսի ակնածանք պետության գլխավոր սիմվոլներից մեկի՝ դրոշի նկատմամբ։ Թող աշխարհը տեսնի, թե ինչ վարչապետ ունենք՝ դրոշի մեռած, մեռած՝ չթաղած։ Թող բոլորը իմանան, որ Նիկոլի համար դրոշը սրբություն է, որ առհասարակ սիմվոլները նրա համար ավելին են, քան քաղաքական ռեալությունները։ Թող Նիկոլից սովորեն կամ գոնե փորձը դիտարկեն, թե ինչպես պետք է առաջ շարժվել երկիրը կապիտուլյացիայի մատնելուց, մոտ ապագայում դեմոգրաֆիական աղետի բետոնե հիմքը գցելուց և քաղաքացու արժանապատվության վերջին հատիկը մսխելուց հետո։ Թող սովորեն՝ ինչպես կարելի է պետությունը տանուլ տալ, բայց դրոշը փայփայել, ինչպես կարելի է ինքնիշխանությունը զիջել՝ ազատ-անկախ Հայաստանի հիմնը շուրթերին, ինչպես կարելի է տեսախցիկների առաջ ծնկի գալ Եռաբլուրում, բայց մի ողջ սերնդի կոտորածը չհամարել իր քաղաքական կյանքի ամենածանր հարվածը։
Ուզո՞ւմ եք դուրս եկեք փողոց և նույն հարցով դիմեք ՀՀ քաղաքացիներին․ մարդիկ անկախ իրենց կրթական ցենզից, սոցիալական պատկանելությունից, զբաղմունքից, սեռից ու տարիքից՝ վստահաբար ամենածանր հարվածը համարելու են 44-օրյա պատերազմը՝ նոյեմբերի 9-ով։ Չե՞ք հավատում, գնացեք հարցրեք Կասկադում կամ Սարյանի գինետներում լռվողներին՝ նույն պատասխանը կտան, և սա բնական ու ընկալելի կլինի։ Ինչ խոսք, մարդն իրավունք ունի կյանքի ամենածանր հարվածի մասին այլ պատկերացումներ ունենալ․ մեկի համար դա կարող է լինել կնոջ դավաճանությունը, մյուսի դեպքում՝ դավաճանի խարանը, երրորդի պարագայում՝ գիտակցելը, որ ինքը սպանեց մի ողջ ազգի կամ գեթ մեկ մարդու երազանք ու ապագա։ Բայց այս տարբերակները մարդկանց համար են։ Իսկ Նիկոլը մարդ չէ, նա իրեն գերմարդ է հռչակել, որի համար իրական մարդիկ, իրական խնդիրները, իրական հայրենիքը ստից բաներ են, իսկ այս սիմվոլ-առարկաները՝ ամենակարևորները։ Մի նկատառում էլ․ Փաշինյանն ասում է, թե ծանր է եղել վիրտուալ բունտը։ Ու նորից ստոր ամբարտավանությամբ նենգափոխում է բունտի նյութը։ Ճշգրտենք՝ բունտավշիկների համար կարևոր չի եղել դրոշը ոտքի տակ գցած պաշտոնյայի մեջքի ցավը, նրանց հետաքրքրել է, թե ինչո՞ւ է գերմարդն անընդհատ ինքնահաստատվում թույլերի վրա հարձակվելով։ Միջինից ցածր պաշտոնյայի վրա գոռում է, բայց իր կողքին կանգնած նրա վերադասին քսմսվում է։ Հետո գնում հարձակվում է անտուն մնացած, իրենից օգնություն խնդրող լոռեցի Մեխակի վրա՝ նրան մեղադրելով արժանապատվություն չունենալու մեջ։ Ու մտքով չի էլ անցնում մարզպետից հաշիվ պահանջել, թե ինչո՞ւ հաշմանդամություն ունեցող Մեխակի բազմանդամ ընտանիքը դեռ ապրում է երկրաշարժից հետո տրված փտած դոմիկում։
Հետևություն՝ Նիկոլ Փաշինյանը ամենածանր հարվածի մասին իր պատասխանով առնվազն կամ նորից հաստատում է՝ իր իրականության մեջ մարդիկ չկան, փայտիկը նախընտրելի է մարդուց, եռագույն կտորը՝ մարդու արժանապատվությունից։ Դրոշի մեռածը, մեռած՝ չթաղածը։
Գոհար Վեզիրյան