...

Ե՞րբ կփակվի «Նահատակի» պոչամբարը

Ե՞րբ կփակվի «Նահատակի» պոչամբարը

Պոչամբարում շարունակվում են վնասակար թափոններ կուտակվել

Ճիշտ չեն այն պնդումները, թե «Նահատակ» պոչամբար այլևս պոչանք չի լցվում: Այս համոզմանն է Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության» կենտրոն» ՀԿ  նախագահ Օլեգ Դուլգարյանը: Նա եղել է տեղում և համոզվել, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» թունավոր նյութերը շարունակվում են այնտեղ լցվել:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից  պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե մեկ-երկու ամիս հետո «Նահատակ» պոչամբարը կփակվի: Մի քանի անգամ արդեն հայտարարված վերջնաժամկետը լրացել է, բայց պոչամբարում շարունակվում են վնասակար թափոններ կուտակվել:

«Լուրեր կային, որ «Նահատակ» արդեն պոչանք չի լցվում, պոչանքը վերամշակվում է և լցվում է Շամլուղի հանքախորշերը: Երբ գնացի այնտեղ, տեսա, որ նույն ձևով պոչամբարը շարունակվում է շահագործվել: Պոչամբարի սահմանները շարունակաբար բարձրացվում են, որպեսզի կարողանան ավելի շատ թափոն տեղավորել»,- մանրամասնեց Դուլգարյանը:

Պոչամբարը հիվանդության պատճառ

Մեծ Այրում և Ճոճկան համայնքների տարածքում է գործում Ախթալայի կոմբինատի «Նահատակ» պոչամբարը, որը տեղացիների համար լուրջ խնդիրներ է առաջացնում: Դուլգարյանի խոսքով` այն անմիջապես համայնքը սնող ջրի աղբյուրի մոտ է, արդեն ծածկել է աղբյուրը, տարածքի բնակիչները բողոքում են նաև հիվանդություններից: Խնդրի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, պատկան բոլոր կառույցներին ահազանգել են, բայց ապարդյուն:

««Նահատակ» պոչամբարը ցանկապատված չէ: Պոչամբարի տարածքում արածում են կենդանիները: Նրանք այդ թույնն իրենց մեջ են տանում, և մարդիկ օգտվում են այդ կաթնամթերքից: Արևոտ եղանակին գոլորշիացում է կատարվում, ու ծանր մետաղները օդային եղանակով տարածվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի դաշտերում, քամիների դեպքում փոշիներն են պոչամբարից պատում գյուղն ու դաշտերը: Մարդիկ գլխացավերից են տառապում»,- ասաց նա՝ շեշտելով, որ պոչամբարի շահագործումը ոչ մի ստանդարտի չի համապատասխանում:

Դեռ 2015 թ-ին փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Մեծ Այրում և Ճոճկան համայնքերի միայն դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական և առողջապահական նորմը  «Նահատակ» պոչամբարի շահագործման արդյունքում:

Բնապահպանության նախարարության՝ «2002 թ. շրջակա միջավայրի վիճակի մասին» ազգային զեկույցում «Նահատակ» պոչամբարը երկրի առաջին դասի վտանգավորության 3 պոչամբարներից մեկն է:

«Նահատակ» պոչամբարը ռեկուլտիվացվելու է

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը հերթական անգամ հուսադրում է այրումցիներին՝ ոչինչ, թող մի քիչ էլ բողոքեն, շուտով խնդիրը կվերանա: «Նահատակն» էլ չի շահագործվի: Նրա փոխանցմամբ՝ կառուցվում է գործարանի պոչերի չորացման և հարստացման արտադրամաս: Արդեն 1 մլրդ դրամի ներդրում է արվել: Ուզում են կոմբինատի արտադրանքի պոչանքներն այդ տեղամասում մշակել և հետո այն տեղափոխել դրա համար նախատեսված պահեստարան:

«Հիմա սարքավորումների կարգավորման փուլն է ընթանում: Երբ դա վերջանա, պատրաստվում ենք ռեկուլտիվացնել «Նահատակը»: Հիմա օրական 600-700 տոննա միջին արտադրական ծավալով աշխատում ենք: Երբ չորացման արտադրամասն իր ամբողջ նախագծային հզորությամբ աշխատի, այն կռեկուլտիվացնենք, որը ըստ նախագծային ծրագրի, կտևի մոտ 2-3 տարի: Մենք «Նահատակ» պոչամբարը ռեկուլտիվացնելու ենք: Հիմա դա որպես վթարային պոչամբար ծառայում է և պետք է ծառայի, քանի դեռ պոչերի չորացման արտադրամասի աշխատանքները նորմալ հունի մեջ չեն մտել»,- ներկայացրեց կոմբինատի ներկայացուցիչը:

Վստահեցնում է նաև, որ պոչերի չորացման արտադրամասի գործարկումը բոլորի շահերից է բխում: Այն շրջակա միջավայրին հասցրած վնասը կնվազեցնի մոտ 70 տոկոսի չափով: 

Հիշեցնենք, որ 2010թ-ին Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ն ռեկուլտիվացրեց իր կողմից շահագործված Նազիկի պոչամբարը: Իսկ 2012թ-ին պոչամբարի տարածքում 14 տեսակի 700 ծառ տնկվեց: Սական ծառերը չաճեցին: Իսկ պոչամբարի թունավոր պոչերը նորից հայտնվեցին մակերեսեին տեղումների հետևանքով հողի բարակ շերտի լվացման արդյունքում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5913 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ