«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է. ««Բարի գալուստ Սադամ Հուսեյնի Իրաք։ Մոտավորապես այս ճանապարհն ենք բռնել։ Իմ տպավորությամբ այս իշխանության ցանկությունը հենց դա է և ժողովրդավարության բաստիոնը դարձնում է ժողովրդավարության գերեզմանոց»:
Այ, որ ժամանակին Քոչարյանը հայերեն գրել-կարդալ սովորեր, ապա կիմանար, որ 2000-ականների սկզբներից «ՉԻ»-ն ներկայացնում էր Հայաստանի կյանքը՝ «Էջեր Մոզամբիկի պատմությունից» խորագրով: Հիմա էլ ենք անում: Բայց սա սկսվեց այն բանից հետո, երբ Քոչարյանն ընդամենը 2-3 տարում Հայաստանը վերածեց Մոզամբիկի, որտեղ ինքն իրեն վոժդ էր պատկերացնում, ու իր մտածելակերպն էլ առանձնապես չէր տարբերվում աֆրիկյան ցեղախմբի առաջնորդի մտածելակերպից: Մոտավորապես նույն մակարդակն էր: Կամ՝ է:
Ավելի հետաքրքիր պատմություն հիշեցնենք. 2008 թվականի մարտի 1-ից հետո, որտեղ արյան մեջ խեղդեցին ժողովրդական ընդվզման ալիքը, Քոչարյանը, այ, էս Քոչարյանի մասին է խոսքը, արտակարգ դրություն մտցրեց և արգելեց իր վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների գործունեությունը: Այսինքն՝ պաշտոնապես դա կոչվեց ոչ թե արգելել, այլ ներքաղաքական կյանքի, մարտի 1-ի մասին հրապարակումներ լինելու դեպքում արգելել լրատվամիջոցի տպագրությունը: Այսինքն, եթե դու մարտի 1-ի, ներքաղաքական կյանքի, իշխանությունների մասին չես գրում, պրոբլեմ չունես: Իբր թե:
Մենք այդպես էլ արեցինք. թերթի հերթական համարում զետեղեցինք Հայաստանի, իշխանությունների, մարտի 1-ի հետ ընդհանրապես կապ չունեցող հոդվածներ, նյութեր: Տարանք տպարան, իսկ Քոչարյանը բոլոր տպարաններում ԿԳԲ-ից աշխատողներ էր ուղարկել, որ ստուգեն լույս ընծայելիք թերթի բովանդակությունը, և եթե կասկածելի բաներ գտնեն, չթողնեն, որ տպագրվի:
Տարանք, կգբ-շնիկները ստուգեցին, զանգեցին վերադասին, ու թերթի տպագրությունը արգելվեց: Գիտե՞ք, թե ինչի համար. չեք հավատա՝ Սադամ Հուսեյնի մասին հոդվածի համար: Այսինքն՝ հոդված էր Սադամի իշխանավարության, նրա չարագործությունների մասին, ինչի համար 2006-ին մահապատժի ենթարկվեց: Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեցող հոդված էր, բայց դրա տպագրությունն արգելվեց, քանի որ Քոչարյանն ի դեմս Սադամ Հուսեյնի՝ իր կերպարն էր տեսել: Այսինքն՝ այն ամենը, ինչ գրել էինք Սադամի, նրա հանցանքների, ոճրագործությունների մասին, դա իշխանությունների կողմից ընկալվում էր այնպես, որ Քոչարյանի մասին ենք գրել: Մենք ասում էինք՝ Սադամ, Քոչարյանը հասկանում էր՝ Քոչարյան: Ու այդպես բոլոր ընդդիմադիր, անկախ լրատվամիջոցների գործունեությունն արգելեց՝ մինչև արտակարգ դրության ավարտը: Բոլոր ընդդիմադիր, անկախ... մեկն էլ կիմանա, թե հարյուրներով էին այդ լրատվամիջոցները: Ընդամենը 3-4 հատ էին: Այդ հիմա է, որ նույն Քոչարյանը 3-4 հատ ջեբի հեռուստաընկերություն ունի, որոնց շաբաթը մեկ հավաքում է և իր տանջալից հայերենով փորձում մտքեր հայտնել:
Իսկ իր օրոք ոչ թե հեռուստաընկերություն, ինչը բացառված էր, այլ ընդամենը մի քանի հատ ոչ իշխանական թերթ էր: Ու ինքը՝ իր գավառական քինախնդրությամբ, տարիներ շարունակ ընկել էր այդ լրատվամիջոցների ետևից: Իր իսկ հայտարարած սահմանափակումները չէինք խախտել, բայց մեկ է, Սադամ Հուսեյնի, Միլոշևիչի մասին հոդվածներից խրտնել էր:
Ու հիմա սա եկել՝ թե բա Սադամ Հուսեյն: Այդ մենք քեզ պետք է ասենք. բարի գալուստ քո ստեղծած Իրաք: Այդ քո համար է այս Հայաստանը անսովոր, որովհետև սաղ կյանքդ դու ես սովոր եղել ընդդիմությանը ծեծել, դատել, բիզնես խլել, եթերներից զրկել: Հիմա այդ հնարավորությունից զրկվել ես, միանգամից երկիրը քեզ Իրաք է թվում:
Դու մեզ մի ասա՝ բարի գալուստ Իրաք: Մենք Իրաք տեսած ժողովուրդ ենք: Քո օրոք 10 տարի գործելով, կարելի է ասել՝ պատվաստվել ենք տարատեսակ Սադամների դեմ, շատ ուժեղ իմունիտետ ենք ձեռք բերել: Այդ դու պիտի հարմարվես նոր իրողություններին:
Հ.Գ. Yesterday, all my troubles seemed so far away
Now it look as though they're here to stay
Oh, I believe in yesterday:
Տու-րու-լու-լու...