Կան գործիչներ, որոնց կերպարը ասոցացվում է կոնկրետ երևույթի կամ իրադարձության հետ: Օրինակ, երբ ասում ենք Սերժ Սարգսյան, առաջին ասոցիացիան Մոնտե Կարլոյի կազինոն է, իսկ երբ ասում ենք Ռոբետ Քոչարյան` Պողոս Պողոսյանի սպանությունը «Առագաստ» սրճարանում: Իսկ ահա, երբ ասում ենք Գագիկ Ծառուկյան, առաջին ասոցիացիան, իհարկե, առյուծն է, իսկ երկրորդը.... անշուշտ ներդրումները: Ներդրում և Ծառուկյան հասկացությունները հանրային գիտակցության մեջ այլևս նույնական են, փոխլրացնող, ինչպես ձուկն ու ջուրը, ֆուտբոլն ու գնդակը, սիրտն ու սերը... Ներդրում ասվածը դոպինգի նշանակություն ունի սպորտսմենի հոգեբանությամբ բիզնեսմեն Ծառուկյանի համար, իսկ չկա այդ խթանը, չկա քաղաքականությամբ զբաղվելու էնտուզիազմ, չկա ռոմանտիկա, կոպիտ դար է, կոպիտ բարքեր....
Չշեղվենք, վերադառնանք ներդրումներին: Գագիկ Ծառուկյանը շատ է սիրում հատկապես խոսել ներդրումների մասին, իսկ ահռելի` մի քանի միլիարդանոց ներդրումների մասին նա սիրում է խոստումներ տալ, հատկապես նախընտրական շրջանում, և գործարք առաջարկել ընտրողին` կընտրեք` կանեմ, չեք ընտրի....տո դուք քանի՞ գլխանի եք, ոչ չընտրեք: Նորից չշեղվեք և վերադառնանք ներդրումներին: Դեռևս նախորդ իշխանության օրոք, 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ` մարտին, նա կրկին խոսել էր այս թեմայով և ներդրումային «սպոռի» մեջ մտել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որը խոստացել էր 2017-ի ընթացքում Հայաստան բերել մինչև 850 միլիոն դոլար ներդրում, իսկ հաջորդող երկու-երեք տարվա ընթացքում ներդրումների ծավալը պետք է լիներ 3.2 միլիարդ դոլար: Ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կար ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: «Դրանք ռեալ ծրագրեր են»,- հաճախ ասում էր Կարեն Կարապետյանը: Իսկ ինչ էր ասում Ծառուկյանը նախընտրական շրջանում. «Իմ գործընկերները, տեսնելով ժողովրդի անվերապահ հավատն իմ նկատմամբ և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրը զանգելով՝ ասել են, որ՝ պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 մլրդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում»: 15 միլիարդ դոլար, մի քանի անգամ ավելի շատ, քան խոստացել էր Կարեն Կարապետյանը:
Ընտրություններում, սակայն, «Ծառուկյան» դաշինքը չհաղթեց և դարձավ ընդդիմություն, իսկ Ծառուկյանն էլ հայտարարեց՝ ում ընտրել եք, նրանից էլ պահանջեք: Հիշեցնենք, որ տարիներ շարունակ նրա գլխավորած ԲՀԿ-ն իշխանության մաս էր կազմում, գտնվում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ, ուներ իր նախարարները: Այսինքն, ըստ էության, «հաղթել էր», սակայն դա, մեղմ ասած, չհանգեցրեց միլիարդավոր դոլարների ներդրումների:
Նույն` ներդրումային միֆը Ծառուկյանը ասպարեզ նետեց 2018-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն էր: Նրա շուրթերով Ծառուկյանը փաթեթային ներդրումային ծրագրեր էր խոստանում երևանցուն, եթե իհարկե Զոհրաբյանը դառնար քաղաքապետ: «Դրանց վերաբերյալ բանակցություններ եղել են, նախապայմանավորվածություններ արդեն կան»,- ասում էր Զոհրաբյանն ու թվում փաթեթի հոլանդական, չինական, մարոկկոական ներդրումներով ծրագրերը: Ըստ այդմ` հոլանդական ընկերության հետ նախնական պայմանավորվածություններ ունեն Երևանի աղբի վերամշակման գործարան հիմնելու, իսկ մեկ այլ ընկերության հետ` Երևանում էկոլոգիապես մաքուր էլեկտրական տրանսպորտի գործարկման համար: Սրանք, ի դեպ, մի քանի հարյուր միլիոն դոլարանոց փաթեթներ էին: Մեկ այլ ծրագրով էլ մարոկկացի գործարարի հետ նախապայմանավորվածություն էր ձեռք բերվել Երևանի պատմամշակութային դեմքը վերականգնելու վերաբերյալ, իսկ ահա «մահվան վերելակների» հարցի լուծումը` վերելակային տնտեսության վերականգնումը, պետք է տեղի ունենար չինական կազմակերպության հետ: Ինչ եղան այդ փաթեթերը, «ջրվեցի՞ն», ներդրողներին «շնորհակալություն, ցտեսությո՞ւն» ասվեց` ասել չենք կարող, քանի որ Ն. Զոհաբյանի փոխարեն 80 տոկոսանոց վստահության արժանացավ Հ. Մարությանը:
Ստացվում է, որ այն ներդրողները, որոնք իրենց ժամանակը հատկացնում էին բանակցություններ վարելուն, միջոցներ էին ծախսում, հաշվարկում ու պատրաստում էին իրենց ներդրումային ծրագրերը (նման հաշվարկները մեծ ծախսերի հետ են կապված), այսինքն` տրամադրվում էին ներդրումներ անելու` փաստի առաջ կանգնեցին, որպես պոտենցիալ ներդրող հուսախաբ եղան, քանի որ երևանցի ընտրողը քաղաքապետի պաշտոնում գերադասեց տեսնել ուրիշին: Հարց՝ այդ դեպքում ո՞վ է ՀՀ-ում առկա ներդրումային միջավայրին վնասում, իշխանությո՞ւնը, կառավարությո՞ւնը, թե՞ «ձուկը ջրում բազառ անող» ԲՀԿ առաջնորդը:
Հ.Գ. Ընդհանրապես, երբ Ծառուկյանը կամ նրա կուսակիցները խոսում են օտարերկրացիների կողմից պոտենցիալ ներդրումների մասին, հաճախ են կրկնում, որ այդ ներդրումները արվում են Ծառուկյանի բարձր հեղինակության, «ազիզ խաթեր» համար: Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչ արաբ շեյխերը, ըստ ԲՀԿ-ականների, Ծառուկյանի հեղինակության վրա էին «ստավկա» արել, երբ Երևանի կենտրոնում բիզնես պրոյեկտներ իրականացնելու ցանկություն էին հայտնել: Ժամանակ առաջ էլ, երբ հայտնի դարձավ, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և արտասահմանյան «Օմնյա Թեք»-ը ՀՀ-ում սկսում են հերթական ներդրումային նախագիծը, հիշյալ ընկերության հիմնադիր Ռոբերտ Վելգը նշեց, թե մեր երկրում ներդրումներ կատարելիս հաշվի են առել Գագիկ Ծառուկյանի հանդեպ վստահությունը:
Ի դեպ, նրան ուղեկցում էր Կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որին այս միջոցառումից որոշ ժամանակ անց մեղադրանք առաջադրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների գործով: Ահա այս դեպքից հետո, ինչպես նախօրեին ԱԺ ամբիոնից նշեց վարչապետ Փաշինյանը, Ծառուկյանը սկսեց բողոքել ՀՀ-ում առկա ներդրումային միջավայրից: Վերջերս Առինջում «Չերամիսա» գործարանի բացման ժամանակ խոշոր սեփականատերը մասնավորապես ասաց. «Ծառուկյանը զրոյից կայացած մարդ ա, որը լիարժեք, ամեն ինչ ձեռքը պուլսի վրա, գիտի: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է օրենքներ փոխել, պայմաններ ստեղծել ներդրողի համար՝ ավելի նպաստավոր ներդրողի համար, շահութաբեր ներդրողի համար, ավելի ուշադրություն ներդրողի համար: Պետք է լինեն հարկերի պակասում»:
Ի դեպ, հիշյալ գործարանի բացման ժամանակ արաբական աշխարհի թագաժառանգների հետ նստող-վեր կացող Ծառուկյանը հայտարարել էր. «Քուվեյթի թագաժառանգը, ասենք թե ուզում ա հյուրանոց կառուցի 5 աստղ, տարի ու կես կանգնած ա»: Աբու Դաբիի թագաժառանգի հետ կապված պատմությունից հետո, թերևս, արժե ստուգել Քուվեյթի թագաժառանգ ներկայացած անձի ինքնությունը:
Հեղինե Մանուկյան