- Բակո Սահակյանը նախօրեին Երևանում էր, նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպել մի սենյակում, որտեղ դրված էր միայն Հայաստանի դրոշը։ Հնչում են քննադատություններ, որ Արցախի դրոշը չդնելը կամ արարողակարգի բացթողում էր, կամ մեսիջ Բակո Սահակյանին՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության համատեքստում։
- Ես ուզում եմ դա համարել արարողակարգային բացթողում, հակառակ դեպքում՝ մարդ կարող է խելագարվել։
Սա հատված էր ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հարցազրույցից՝ տրված 168 ժամ թերթին:
«ՉԻ». Մենք հակված ենք կարծել, որ Նիկոյանն եղել է խառը՝ կապված ՀՀԿ շենքում խուզարկության հետ և լավ չի լսել լրագրողի հարցը: Հակառակ պարագայում, ստացվում է, որ ԱԺ նախագահ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ աշխատել է խելագար:
Համացանցում արդեն մի քանի օր է հրապարակվել են նկարներ, որտեղ պարզ երևում է՝ նախկինում նույնպես դրված չի եղել Արցախի դրոշը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ: Ստացվում է, որ Նիկոյանը կամ լրիվ անտեղյակի մեկն է, կամ էլ տեղյակ է եղել, խելագարվել է, բայց թողել են, որ պաշտոնավարի: Հանրապետականների դեպքում երկու տարբերակն էլ բացառված չէ:
Կա ևս մեկ տարբերակ. որպես Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահի, նախաքննությունն ուշ թե շուտ նաև հարցեր է ունենալու Նիկոյանի վերաբերյալ: Եվ հիմա, Նիկոյանը տուրք տալով նոր միտումներին, էս գլխից բարձրաձայնում է հիվանդության մասին: Խելագարից ի՞նչ պահանջես. չէ՞ որ մարդը մինչև իր վերաբերյալ քննության սկիզբը չի բացառում, որ ինքը խելագար է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019