...

Երեք հարց՝ անցյալը delete անելուց առաջ

Երեք հարց՝ անցյալը delete անելուց առաջ

Եթե Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ լիներ, այլ շարքային պատգամավոր կամ խմբագիր, նրա՝ ԱԺ ամբիոնից «բարձրաձայն մտորումների ժանրում» արտաբերած բառակույտը կարելի էր լուրջ չընդունել ու անգամ մի լավ ծիծաղել դրա վրա։ Բայց այնպես է ստացվել, որ նա է Հայաստանի ղեկավարը, հետևաբար՝ նրա ասածներին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել։ Այդպես է, չհաջողված-անտաղանդ բանաստեղծների վրա գուցե կարելի է ծիծաղել, բայց եթե նա նաև Հռոմի կայսրն է՝ պետք է լրջանալ ու «ձեռքից խլել լուցկին»։

Ինչևէ։ Նիկոլ Փաշինյանն անլուրջ բառապաշարով («կադաստրի թուղթ», «իրական Հայաստանի հետ կապ չունեցող զինանշան», «Արագածը թողած՝ Արարատի նկարն ենք պատից կախում» և այլն) իսկապես շատ լուրջ թեմա է առաջ մղում։ Դրա իմաստը, եթե շատ հակիրճ, մոտավորապես սա է․ «մենք, որպես ժողովուրդ, պիտի փոխենք մեր ինքնությունը, հրաժարվենք մեր պատմական հիշողությունից, իսկ Հայաստանը՝ որպես 29,8 հազար քկմ տարածքով պետություն, պիտի տարածաշրջանում դիրքավորվի ոչ թե որպես սեպ կամ պահանջատեր, այլ որպես հարևան և գործընկեր, ու մենք չպետք է թույլ տանք, որ այլ պետությունները մեզ օգտագործեն»։ Տեղ-տեղ գեղեցիկ է հնչում, բայց իրականում չափազանց պարզունակ է և դրանով իսկ՝ կործանարար հետևանքներով հղի։ Թե ինչու՝ փորձենք հիմնավորել։

Կարողանալո՞ւ ենք արդյոք թույլ չտալ, որ ուրիշները մեզ չօգտագործեն։ Ոչ, որովհետև հիմա իրավիճակն այնպիսին է, որ եթե մենք չենք ցանկանում օգտագործվել՝ անմիջապես գտնվում են նոր ուժեր, որոնք սկսում են օգտագործել մեր չօգտագործվելու ցանկությունը և դրա դիմաց շատ կոնկրետ գին են պահանջում։ Արևմուտքը, օրինակ, պահանջում է «խոսքից անցնել գործի» և դուրս բերել ռուսական ռազմաբազաները, Թուրքիան պահանջում է «խոսքից անցնել գործի» և հրաժարվել Ցեղասպանության հարցից, փոխել զինանշանը, որի վրա պատկերված լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, ապամոնտաժել Նեմեսիսի հուշարձանը, արտատարածքային միջանցք տրամադրել Ադրբեջանին միանալու համար, հետագայում կպահանջի փոխել պատմության դասագրքերը, փակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և այլն, Ադրբեջանը պահանջում է առանց վերապահումների հրաժարվել Արցախից, պահանջում է նույն արտատարածքային միջանցքը, հետո կպահանջի ադրբեջանցի փախստականների վերադարձ ՀՀ և նրանց անվտանգության «միջազգային երաշխիքներ», կպահանջի ահռելի ռեպարացիաներ, և այլն։ Այսինքն՝ տեսականորեն Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան (տարածաշրջանում որպես հարևան և գործընկեր դիրքավորվելը) հնարավոր է, բայց այդ ճանապարհն ընտրելուց առաջ պետք է կարողանանք պատասխանել հետևյալ երեք հարցերին․ 1․ Պատրա՞ստ ենք արդյոք դրա համար վճարել այն գինը, որը պահանջում են մեր «պոտենցիալ հարևաններ և գործընկերներ» Թուրքիան ու Ադրբեջանը, 2․ Կա՞ երաշխիք, որ անգամ այդ գինը վճարելուց հետո Հայաստանը որպես պետություն կշարունակի գոյություն ունենալ, կամ այն տարածքում, որը ձևականորեն Հայաստան կկոչվի, հայեր կապրեն, 3․ Ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանը, և եթե այդ երկրի նախագահը, խոսելով միջուկային պատերազմի և Երկիր մոլորակի լինել-չլինելու մասին, ասում էր «իսկ մեր ինչի՞ն է պետք Երկիր մոլորակը, եթե այնտեղ Ռուսաստան չի լինելու», չի՞ ասի «իսկ մեր ինչի՞ն է պետք Հայաստան անունով երկիրը, եթե այնտեղ ռուսական ռազմաբազաներ չեն լինելու»։ 

Համաձայնվեք՝ Նիկոլ Փաշինյանը հազիվ թե ինքն իրեն այս հարցերը տված լինի։ Չէ՞ որ նա ինքն իրեն ոչ թե պետության սովորական ղեկավար է համարում, այլ փրկիչ։ Էլի՛ դեմ չենք, թող փրկիչ լինի։ Պարզապես պետք է «ձեռքից վերցնել լուցկին» և հնարավորություն տալ, որ իր փրկչական գործունեությունն ուրիշ տեղ իրականացնի։ Օրինակ՝ Նապոլեոնի հետ նույն պալատում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ