Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության ժամերը»:
«ՉԻ». Այո, այո, երիցս ճիշտ են դաշնակները: Եթե Ադրբեջանը ամեն տարի իր ռազմական բյուջեն ավելացնում է, ապա մեր համարժեք պատասխանը պիտի լինի ռազմագիտության ժամեր ավելացնելը:
Եթե Ադրբեջանը Իսրայելից ԱԹՍ-ներ է ձեռք բերում, ապա մենք պարտավոր ենք ռազմագիտության դասին Դաշնակցության պատմություն էլ սովորեցնել:
Եթե հակառակորդը Ռուսաստանից TOC-1 համակարգեր է գնում, ապա ռազմագիտության դասերին անհրաժեշտ է «Զարթնի´ր, լաո» երգը երգել:
Եթե հակառակորդը Բելառուսից «Պոլոնեզ» է բերում, ապա մեր միակ շանսը ռազմագիտության դասերին «Արյունոտ դրոշ, մեր ազատության» երգը խրոխտ կատարելն է:
Հիմա հասկանում եք, չէ՞, թե ինչու էր Կարաբեքիրը շվշվացնելով, գրեթե անարյուն վերցնում Ղարսի անառիկ բերդն ու Ալեքսանդրապոլը: Որովհետև Դաշնակցության պարագլուխներն այդ ժամանակ ռազմագիտության դաս էին անում ու երգում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020