Լրագրող Կարպիս Փաշոյանը գրել է. «Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցի ժամանակ նրանից խնդրեցի որպես նախկին արհեստավարժ լրագրող վերնագրել վարչապետ Փաշինյանի և նախագահ Քոչարյանի մամուլի ասուլիսները։ Ստացանք հետևյալ արդյունքները՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ» ու «Եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք»։
«ՉԻ». Ամբողջ ցավն այն է, որ շատ-շատերի մոտ հենց այս տպավորությունն էր ստեղծվել այս երկու ասուլիսներից: Իհարկե, վարչապետը համաձայն չի լինի այս տեսակետի հետ, կասի, որ ինքն ընդամենը նկատի է ունեցել, որ Արցախը Հայաստան չէ ու վերջ: Իսկ թե ումն է, ասում է՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արխիվներում դրա մասին նշված է: Կարճ ասած՝ Լևոնը Ղարաբաղի հարցը գցել է ՄԱԿ ԱԽ-ի ջեբը, այստեղից էլ ռիկաշետով ընկել է Ռոբերտի ու Սերժի ձեռքը, էս մարդիկ էլ Նիկոլի ջեբն են գցել: Նիկոլն էլ վարչապետ դառնալուց 2,5 տարի հետո նոր ջեբերը ստուգել է, հայտնաբերել է Ղարաբաղի հարցը, բայց արդեն ուշ էր: Բա:
Քոչարյանի ասուլիսի դեպքում Նաիրա Զոհրաբյանը կեսն է ասել. Քոչարյանն ասել է. «Եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք», հետո ավելացրել. «Մենակ ռուսները թող իմ վրա հույս դնեն»։ Մեծ հաշվով՝ ինքն էլ ուրիշ բան չի ասում: Ամեն խոսքից հետո հայացքը գցում էր Կազբեկ լեռանը, տեսնի՝ Պուտինն այնտեղից հո չի՞ նայում իր ուղղությամբ, հավանո՞ւմ է իր մտքերը, թե՞ ոչ, իրեն Հայաստանի գեներալ-գուբերնատոր նշանակելու հրամանագիրը ստորագրե՞լ է, թե՞ ոչ: