Երկու տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, բայց վեց օր անց համաժողովրդական շարժման ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ: Երեկ այդ օրը յուրովի նշեցին նախկին և ներկա իշխանությունները: Սերժ Սարգսյանը ներկայացավ ԱԺ՝ պատասխանելու ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հարցերին:
Երեկվա ստատուս քվոն շատ բան է ասում հեղափոխության արդյունքների մասին: Երկու տարի առաջ՝ այս օրը, ոչ ոք չէր պատկերացնի, որ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի լրիվ ուրիշ կարգավիճակով ներկայանալ խորհրդարան և պատասխաններ տալ իր ամենամեծ ձախողումներից մեկի վերաբերյալ:
Բայց նույնպես երկու տարի առաջ՝ արդեն ապրիլի 23-ին, ուրվագծվեց, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա բազում հանցագործությունների ու ձախողումների համար: Եվ արդեն մարգինալ կհամարվեր նա, ով կկանխատեսեր, որ Սերժ Սարգսյանը երկու տարի հետո դեռ ազատության մեջ կլինի, կերթևեկի թիկնազորի ուղեկցությամբ, ԱԺ կգա սեփական ցանկությամբ, կհոխորտա, թե ինքն ունի ասելու բան և ընդհանրապես կթելադրի իր պայմանները խորհրդարան ներկայանալու համար:
Երկու տարին բավարար ժամկետ էր, որպեսզի Սերժ Սարգսյանը ներկայումս ուրիշ կարգավիճակում լիներ, և Գարեգին Բ-ն մի հայտարարություն էլ նրա համար աներ:
Ի վերջո, պետք է անկեղծ լինել: Երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը չի մերժվել ինչ-որ սխալների, վրիպումների և բացթողումների համար: Վերը նշված հանգամանքների դեպքում այդպես չեն մերժում ընդամենը վեց օր առաջ ընտրված վարչապետին: Սերժ Սարգսյանը մերժվել է համատարած կոռուպցիայի, ծրագրավորած թալանի, համապետական ընտրությունները կեղծելու, Մարտի 1 և Հոկտեմբերի 27 ունենալու հետևանքով:
Եվ ուրեմն հեղափոխության ձախողումն է, որ Սերժ Սարգսյանը դեռևս ազատության մեջ է: Հեղափոխության ձախողումն է, որ Սերժ Սարգսյանը դեռ տիրապետում է ահռելի ֆինանսական հնարավորությունների: Հեղափոխության ձախողումն է, որ այդ ֆինանսական հնարավորությունները նա օգտագործում է մեդիաներ պահելու համար: Հեղափոխության ձախողումն է, որ այդ մեդիաները ջանք չեն խնայում այս կրիտիկական օրերին երկրորդ ճակատ բացելու համար:
Հուսանք, որ հեղափոխության երրորդ տարին նշելիս ավելի վատ արձանագրումներ չենք անի: Հուսանք, որ գոնե մեկ տարի անց անիմաստ հարցուպատասխանի փոխարեն Սերժ Սարգսյանի փաստաբանները առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կտանեն:
Արիս Վաղարշակյան