Երկուսուկես տարվա ընդմիջումից հետո, Սերժ Սարգսյանը վերջապես խոսեց: Մեծ հաշվով որևէ սենսացիոն միտք չհնչեց 3 ժամ տևած ասուլիսի ընթացքում: Միակ բանը, որ արեց, ինչպես արել է ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում, ռևերանսներ հնչեցրեց Ռուսաստանի ղեկավարության հասցեին, միաժամանակ, պատեհ առիթը օգտագործելով, Փաշինյանին մեղադրեց տգիտության մեջ:
Անիմաստ էլ էր Սարգսյանից որևէ նորություն սպասելը, որովհետև մինչև 2018 թվականը բոլոր հնարավոր կեղծիքները և մանիպուլյացիաները Ապրիլյան պատերազմի վերաբերյալ արդեն օգտագործել էր պետական պրոպագանդան և նրան կից միշիկական քարոզչամեքենան:
Խնդիրը հետևյալն է՝ ինչու հիմա որոշեց խոսել Սերժ Սարգսյանը:
Առաջին. հստակ արտահոսք կա ԱԺ քննիչ հանձնաժողովից, և նա տեղյակ է, թե ինչ բովանդակության եզրակացություն է հրապարակվելու: Այսկերպ նա փորձեց նախահարձակ լինել և մի շարք մեղադրանքներ, որ արտացոլվելու են եզրակացության մեջ, հնարավորինս ջրել: Այսկերպ նա զոնդաժի է ենթարկում հասարակական կարծիքը՝ հասկանալու, թե որքան արդյունավետ կլինի իր պաշտպանական տակտիկան: Ասուլիսի և այնուհետև հնչած գնահատականների միջոցով Սարգսյանի թիմը փորձում է հասկանալ, թե որքանով է ճիշտ ամեն ինչ հերքելը և որևէ սխալ չընդունելու մարտավարություն որդեգրելը: Այդ արձագանքներից ելնելով՝ նրանք շտկումներ կմտցնեն իրենց հետագա քայլերի և հռետորաբանության մեջ:
Երկրորդ. Սերժ Սարգսյանին լրջորեն անհանգստացնում է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը: Հաճախ կարելի է լսել, որ 2018 թվականի իրադարձությունների հետևանքով ՀՀԿ-ն չքանդվեց այն ուժգնությամբ, որ կանխատեսվում էր: Բայց ուր գնային հանրապետականները, բոլոր նրանց, ում իշխանությունը կանչեց՝ գնացին, մնացածը գնալու տեղ չունեին: Քոչարյանի ակտիվության և քաղաքական ծրագրերի առկայության պայմաններում առաջանում է գնալու տեղը, և Սարգսյանը մտահոգված է թիմի պահպանմամբ: Իսկ թիմը, գոնե ժամանակավորապես, կարելի է պահպանել քաղաքական ակտիվության իմիտացիայի շնորհիվ:
Երրորդ. Սարգսյանը տեսավ, որ 2018 թվականի մթնոլորտը անցյալում է, երբ Քոչարյանը չկարողացավ անգամ սեփական հյուրանոցում ասուլիս կազմակերպել: Եվ հիմա, շատ ավելի հարմարավետ վիճակում նա կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ՝ որոշակի շրջանակներին մեսիջ ուղարկելով, որ իր ռեսուրսներն ավելի շատ են, քան ոխերիմ դաշնակցինը և դեռ վաղ է հեռուն գնացող հետևություններ անելը և Քոչարյանի շուրջ համախմբվելը:
Այսքանը Սարգսյանի ասուլիս հրավիրելու դրդապատճառների մասին: Ինչ վերաբերում է հասարակությանը: Միանշանակ է, սա անգամ թավիշ չէ, սա հեղափոխության ձախողում է, երբ համազգային մերժվածը իրեն թույլ է տալիս ոչ միայն «դեղին թումբանով» լողավազաններ հաճախել, այլև ասուլիսներ հրավիրել ու պատմել, թե որքան պետականամետ էր ինքը և որքան ազգադավ են իր դեմ պայքարողները:
Հասարակության հիշողությունն իսկապես կարճ չէ. հասարակությունը լավ է հիշում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները: Բայց հասարակության նյարդերն էլ պողպատից չեն, հասկանում է, որ գործող իշխանությունները չունեն կամք, ցանկություն և ունակություն վերջապես փակելու նախկինների էջը, որոնք արհավիրքներ բերեցին Հայաստանին և հնարավորության դեպքում կկրկնեն այն:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020