...

Եվ ծաղիկներ հաղթող զորքի ոտքերի տակ

Եվ ծաղիկներ հաղթող զորքի ոտքերի տակ

ՊԱՏԵՐԱԶՄ

Հունիսի 22-ը. տարվա ամենաերկար օրը և ամենակարճ գիշերը: Այդպիսի մի գիշեր ուղիղ 60 տարի առաջ սկսվեց պատերազմը: Պատերազմ, որը տարավ ավելի քան 50 միլիոն կյանք: Պատերազմ, որը խեղեց հարյուր միլիոնավոր ճակատագրեր: Պատերազմ, որի վերքերն առ այսօր չեն բուժվել և երևի թե չեն էլ բուժվի:

Եվ այսպես, 60 տարի առաջ սկսվեց պատերազմը: Եվ արդեն 60 տարի է, ինչ գիտնականները, քաղաքական գործիչները տալիս են միևնույն հարցը՝ ինչու՞ հնարավոր դարձավ այս ամենը: Ինչո՞ւ մոլագարը կարողացավ դառնալ մի հսկա երկրի ղեկավար, ինչո՞ւ եվրոպական երկրների ղեկավարները մի քանի տարի հետևի թաթերի վրա պարում էին խելագար Ֆյուրերի առջև: Այնքան էին խաղաղեցնում ագրեսորին, մինչև նացիստական տանկերը չմտան Փարիզ:

Ինչպես արդեն ասացի, կես տարուց ավելի է, ինչ փորձում եմ գտնել այս բազմաթիվ ինչուների պատասխանը: Դե սովետական ժամանակներում ամեն ինչ պարզ էր. Հիտլերը իմպերիալիստ էր, և աշխարհի բոլոր իմպերիալիստները նրան աջակցում էին: Բայց պարզվեց, որ ամեն ինչ մի քիչ այդպես չէր: Երևի նախ պետք է սկսել լեգիտիմության մասին մի փոքրիկ ակնարկից:

30-ականների կեսերին Գերմանիայում շատ էին վախենում կոմունիստների իշխանության գալուց: Հասկանում եմ, երևի Գերմանիայի տնտեսական զարգացման համար ավելի լավ ուղի կարելի էր գտնել: Այդպես էին երևի մտածում գերմանացիները 1933-ին: Ճիշտ է, կոալիցիոն կառավարությունը, որտեղ մեծամասնությունը նացիստներն էին, երկու տարվա ընթացքում կատարյալ փլուզման հասցրեց երկրի տնտեսությունը, և ընտրությունների առաջին փուլում հաղթեցին կոմունիստները, սակայն վախը Էռնստ Թելմանի հանդեպ այնքան մեծ էր, որ գերմանական բյուրգերները աչք փակեցին խորհրդարանի շենքի հրկիզման, ընտրությունների առաջին փուլի արդյունքների չեղյալ հայտարարման, ոչ լեգիտիմ խորհրդարանի ձևավորման, իսկ 1934թ.՝ վարչապետ Ադոլֆ Հիտլերի կողմից կատարված պետական հեղաշրջման առջև, երբ նա, անտեսելով բոլոր գոյություն ունեցող օրենքները, միավորեց նախագահի և վարչապետի պաշտոնները, կուսակցականացրեց հատուկ ծառայությունները: Ինչո՞ւ էին գերմանական բուրժուաները հանդուրժում այդ ամենը: Որովհետև վախենում էին կոմունիստներից, որովհետև հույս ունեին հարստանալ հրեաների հաշվին, որովհետև գրաված երկրների թալանից իրենք էլ պակաս փայ չունեին: Չեմ ուզում որևէ զուգահեռ անցկացնել, բայց կարծում եմ ընթերցողն ինքն էլ հասկացավ, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել ոչ լեգիտիմ ղեկավարը և էլեկտորատի բարեհաճ լռությունը: Ի դեպ, նորից առանց որևէ զուգահեռների նշենք, որ Նյուրնբերգում նացիստական հանցագործներին դատելիս, մեղադրող կողմը դատարանի ուշադրությունը նախ և առաջ հրավիրեց իշխանության ապօրինի զավթմանը և Վայմարյան Հանրապետության Սահմանադրության կոպիտ ոտնահարմանը:

Երկրորդ հանգամանքը գաղափարական է: Նացիոնալ-սոցիալիզմը նախ և առաջ սոցիալիզմ է, այսինքն՝ հասարակարգ, որտեղ տնտեսավարողի եկամուտները կրճատվում են ոչ տնտեսական մեխանիզմներով: Իսկ որպեսզի այդ ամենն արվի, գաղափարախոսական հիմնավորում և համապատասխան ռեժիմ է պետք: Ասեմ, որ գաղափարախոսությունը կամայական է, բայց սովորաբար դա լինում է մարտնչող նացիոնալիզմը, ազգային բացարձականության հիվանդագին գաղափարը: Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ենթարկվել այդ «վեհ» գաղափարին, իսկույն ընկնում են հատուկ ծառայությունների տեսադաշտ: Հատուկ ծառայությունների խնամքի տակ էին կոմունիստները, հրեաները, հոգևորականները, ուսուցիչները և, վերջապես, պարզապես մտածող մարդիկ: Կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ վատ բան կա այս ամենում, գոնե կարգ ու կանոն կլինի: Իսկապես, կարգ ու կանոն, բայց նման կարգ ու կանոնը միայն հաղթանակի օրերին է աշխատում: Հակառակը, որքան վատանում է ներքին և արտաքին քաղաքական վիճակը, այքան ահագնանում է այդ «կարգ ու կանոնը», կարգ ու կանոն, որտեղ բոլորը պարտավոր են մտածել, գործել, ապրել այնպես, ինչպես ուզում է Ֆյուրերը: Իսկ ազատ մտածելու և խոսելու արգելքն ի վերջո խորը հիասթափություն է առաջացնում պետականության և պետական արժեքների նկատմամբ: Արդյունքում՝ ժողովուրդը պատրաստ է ցանկացած օկուպացիոն բանակ դիմավորել:

Պարոնները, որոնք այսօր ազգային գաղափարախոսությունից և ազգային բացարձականությունից են խոսում, չէր խանգարի, որ լավ հիշեին 1920թ., երբ 11-րդը մտավ Հայաստան և 1945թ., երբ Կարմիր բանակը մտավ Բեռլին:

Սարսափելին պարտությունը չէ, այլ այն, որ ծեծված, տանջված ժողովուրդը օկուպանտներին դիմավորեց ծաղիկներով: Սարսափելին այն է, որ այսօր Հայաստանում, ըստ Աղասի Արշակյանի, մոտ մեկ միլիոն մարդ ցանկանում է միանալ Ռուսաստան-Բելառուս դաշինքին, և պատրաստ կլինի միանալ ցանկացած դաշինքի, մտնել ցանկացած երկրի կազմ, դիմավորել ցանկացած կարմիր բանակ, ասելով՝ «է, գոնե կարգ ու կանոն կլինի»:

Գ. Հովսեփյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 222, հունիսի 22, 2001 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ