...

Եվս մի քայլ «մյուս կեսն է՛լ կործանելու» ճանապարհին

Եվս մի քայլ «մյուս կեսն է՛լ կործանելու» ճանապարհին

Քանի որ դժվար է առանց նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափ տուգանվելու հեռանկարի մեկնաբանել ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ձևակերպենք այսպես․ եթե հնարավոր լիներ Նիկոլ Փաշինյանին օրենսդրորեն արգելել մտքեր հայտնել, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգության սպառնալիքներն էապես կնվազեին։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Առանձնապես ոչինչ։ ԱԺ դահլիճում ինչ-որ մեկը Նիկոլ Փաշինյանին հարց տվեց ԵՄ դիտորդական առաքելության մասին, նա էլ տարավ-բերեց ու հայտարարեց, թե բա գիտե՞ք, ադրբեջանցիներն Արևմուտքին ասում են, թե իբր Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են միասնաբար հարձակվել Ադրբեջանի վրա, Արևմուտքն էլ հավատում է, դրա համար մենք դիտորդներ ենք կանչում, որ գան, «տեղում դիտարկեն» ու համոզվեն, որ նման բան չկա։

Սա իսկապես պարզունակության շեդևր է։ Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի, Արևմուտքը «հայ-ռուսական համատեղ ագրեսիային» հավատում է, որովհետև ինֆորմացիայի պակաս ունի։ Ուստի այն նույն Արևմուտքը, որի արբանյակային հետախուզությունն ի վիճակի է ՀՀ տարածքում անգամ մրջյունների միգրացիան ուսումնասիրել, միայն «տեղում դիտարկելով» կարող է համոզվել, որ Հայաստանն ագրեսիվ մտադրություններ չունի։ 

Բայց խնդիրը միայն սա չէ։ Մինչև վերջերս խոսվում էր այն մասին, որ ԵՄ դիտորդները պիտի հայ-ադրբեջանական սահմանը դիտարկեն, իսկ հիմա պարզվում է, որ պիտի նաև Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորքը մոնիթորինգի ենթարկեն։ Այսինքն՝ Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատման կամ փաստացի պատերազմի պայմաններում Հայաստանն այդ առճակատման կողմերից մեկին հրավիրում է իր տարածք՝ մյուսի զինված ուժերի շարժը վերահսկելու։ Համաձայնվեք՝ շա՛տ իմաստուն քաղաքականություն է։ 

Դատելով Նիկոլ Փաշինյանի մտավարժանքներից՝ տեղի է ունեցել մոտավորապես հետևյալը․ Արևմուտքը սկսել է «մեզ խեթ նայել», որ անընդհատ դժգոհում ենք ռուսներից, բայց ռուսական բանակը շարունակում է մնալ ՀՀ տարածքում, մեր իշխանություններն էլ արդարացել են ու կմկմալով, գիրկապ անելով մի կերպ բացատրել, որ ուրիշ ճար չունենք, անվտանգության սպառնալիքներն են ստիպում հանդուրժել ռուսներին, չեք հավատում՝ եկեք տեղում համոզվեք։ Բնականաբար՝ առանց հետևանքների մասին երկար-բարակ մտածելու, որովհետև ռուսները, միանգամայն կանխատեսելիորեն, թույլ չեն տալու ոչ իրենց զինված ուժերը «դիտարկել», ոչ իրենց վերահսկողության տակ գտնվող «ՀԱՊԿ արտաքին սահմանները», ինչը նշանակում է, որ Արևմուտքի կասկածները չեն փարատվելու (առավել ևս՝ որ իրականում ոչ այդպիսի կասկածներ կան, ոչ էլ պաշտոնապես դրանք փարատելու աշխարհաքաղաքական շահ)։ 

Եվս մի զավեշտ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «այս ամենում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, կա կոնկրետ օրակարգ, կոնկրետ հարց»։ Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք։ Այսինքն՝ Եվրամիությունն ահռելի միջոցներ է ծախսում, երկար ժամանակով մեծաթիվ դիտորդական առաքելություն է ուղարկում ՀԱՊԿ անդամ երկիր առանց աշխարհաքաղաքական ենթատեքստի՞, ընդամենը իր չափանիշներով՝ փոքրիկ «կոնկրետ հարց» լուծելո՞ւ։ Այդպես չի լինում։ Կա՛ աշխարհաքաղաքական ենթատեքստ, և դա հասկանում են բոլորը՝ անկախ նրանից, թե «բանավոր ընթացակարգով» ինչ «կռուտիտներ կանի» Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, եթե մեկին բռնացրել են հասարակաց տանը՝ շատ հետաքրքիր իրավիճակում, «սիրելիս, սա այն չէ, ինչ մտածում ես» արտահայտությունը բացարձակապես անիմաստ է։ Անկախ նրանից, թե մի քանի «սիրելիներից» որին է ուղղված արդարացումը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ