...

Գերիների թիվն էլ է պլյուս-մինուսով ներկայացրել

Գերիների թիվն էլ է պլյուս-մինուսով ներկայացրել

Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան վերջին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից խոսեց Ադրբեջանում պահվող գերիների մասին՝ նշելով, որ «Մինչև այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո»։

Մինչդեռ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը պնդում է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով և լուսանկարներով։ «Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում և պաշտոնականացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնականացրած թվերով, և տպավորություն է ձևավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը և Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Սահակյանը՝ հավելելով․ «Ի՞նչ է ստացվում. առաջնորդվելով Բաքվի ներկայացրած թվերով ու, իբրև թե, փաստարկներով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ գուցե փորձելով մեղմել գերիների ու անհետ կորածների հարազատների մորմոքն ու սպասման ցավը»:

Ինչպես զոհերի դեպքում պլյուս-մինուս 50-ով խոսեց, այնպես էլ գերիների դեպքում է անում։ Թիվ է, ասում է, հետո կուզի՝ պլյուս-մինուս 100 կանի, որ շատ նեղն ընկնի՝ ներողություն կխնդրի։ Մի քանի օր հանրությունը կբողոքի, ու ամեն բան նորից կմոռացվի։ Հիմա մարդիկ «խաղաղության դարաշրջան» են բացում, բա արժե՞, որ այդ կարևոր գործը դանդաղի գերիների թիվ ճշգրտելու պատճառով։ Բաքվից ասում են 39, Հայաստանը համաձայնում է՝ երևի նախընտրելով անհետ կորածների թվի մեջ ներառել նաև նրանց, ովքեր գերեվարված են։ Հարցնում են՝ ի՞նչ քարտեզներով եք սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնելու, ամենաբարձր մակարդակով հարցը «ջրում» են՝ կոնկրետ քարտեզների մասին չխոսելով։ Հարցնում են ճանապարհների մասին, հակադարձում են, թե աշխատանքներ են գնում, այս փուլում պետք չէ խոսել։ Լռում են, ստում են, հետո ստելու համար ներողություն են խնդրում և նորից ստում են։  Ընդդիմությունն էլ՝ փողոցներն ընկած, ոստիկաններին է «պատվազրկում»։ Դիտարժան ու քննարկման առարկա է դառնում հենց այս փողոցի տեսարանը, իսկ այս ընթացքում մեր գերիների թիվը չի փոխվում, սահմանում էլի կրակում են, ու մենք էլի զոհ ենք ունենում, Հայաստանի ու Արցախի շուրջ կատարվող գործընթացների վտանգավորության աստիճանը չի մեղմանում։ Բայց իշխանությունը գոհ է, լեգիտիմության ճգնաժամը հեռու է թվում, ընդդիմության ձեռքն էլ գործ կա՝ ամեն օր նոր, հուժկու ու անկասելի շարժում է խոստանում։ Իր օրակարգով, իր ձևով։ Ամեն բացվող օրը նոր հույս է բերում գերության մեջ գտնվող մեր տղաների համար, իսկ մեզ՝ հեռացնում այդ հույսից։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1842 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ