...

Գերիներին բերեք դատեք

Գերիներին բերեք դատեք

Գերեվարված զինվորներին առաջնագծում անպատրոն ու անզենք թողած, պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում առաջնագծում բառացիորեն ոչինչ չարած Նիկոլ Փաշինյանը նոր ավանտյուրայի մեջ է ներքաշում բոլորիս, այն է՝ փաստացի մեղադրում է գերեվարված զինվորներին՝ հայտարարելով․ «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք։ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև՝ էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»։ 

Հիշո՞ւմ եք, երբ թավիշը մթագնել էր հանրային գիտակցությունը, հակահեղափոխականները ակտիվորեն ինֆորմացիոն սարդոստայն էին հյուսում, որի հիմնական մեխը հետևյալն էր՝ Նիկոլի դեղերը հասցրեք։ Համառորեն մատուցվում էր, որ Փաշինյանը գժի դեղեր է խմում, հատկապես հանրային ելույթներից առաջ, որպեսզի կառավարելի վարք ցուցաբերի։ Անգամ կադրեր էին հայտնվել համացանցում, որտեղ նրա տիկինը ինչ-որ բան էր դնում քայլող վարչապետի գրպանը․ պնդում էին՝ դեղահաբեր են։ Ավելի ուշ այս ինֆորմացիան գրեթե անձամբ Փաշինյանը հաստատեց՝ նշելով, որ նախապատերազմական շրջանում Ալիևի մոտ իրեն էնպես է պահել, որ իրեն գժի տեղ դնեն և ինքը կարողանա մանևրել։ Դա հենց այն շրջանն էր, երբ ներքաղաքականում ամրապնդվում էր ինֆորմացիան՝ Նիկոլի հիվանդության մասին։

Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի Փաշինյանի՝ թշնամու կողմից գերեվարված հայ զինվորին սպառնալը և նրա հիվանդության՝ թափառող պատմությունը։ Կասենք՝ շատ ուղիղ։ Միայն լուրջ պաթոլոգիական հիվանդությամբ կամ էլ այդ հիվանդությունը բեմադրածը կարող է գերիներին մեղադրել գերեվարվելու մեջ։ Փոխանակ Փաշինյանը պատասխանի, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեզ համար սահմանային ստրատեգիական հատվածներում դիրքերը չեն կահավորվել, իսկ զինվորը պատշաճ չի զինվել, ինչ-որ կոնսպիրոլոգիական «մուտիլովկա է ֆռռացնում»։ Ոչ, ամենևին էլ հիմքեր չենք նախապատրաստում Փաշինյանին՝ ապագա ռազմական տրիբունալից հիվանդության հիմքով ազատելու համար, բայց մյուս կողմից էլ չենք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է առողջ բանականությամբ մարդը նման դատողություններ անել։ Իսկ, եթե հիվանդի սիրտը քննություն է ուզում՝ ի՞նչ է նշանակում գերի ընկնել կամ ի՞նչ հանգամանքներում, օրակարգով, ապա դրա համար չարժե ժամանակ ու ռեսուրս մսխել։ Գերի ընկնել նշանակում է՝ չկարողանալ կամ հնարավորություն չունենալ դիմադրել հակառակորդին։

Դիտարկվող հանգամանքներն էլ զենք ու պատրոն չունենալն է, հայկական դիրքեր հասած հակառակորդին քանակական առումով զիջելն է, նահանջի հնարավորություն չունենալն է, թաքնվել/պաշտպանություն իրականացնելու նվազագույն շանս չունենալն է և գուցե ամենավերջում՝ մահվան դեմ մեն-մենակ կանգնած մնալու սարսափը ապրելու հույսով հաղթահարելն է։ Չնայած՝ ում ենք ինչ բացատրում։ Չորս տարբեր քրեակատարողական հիմնարկներում քաջաբար նստած Փաշինյանը (ԱԺ-ում երեկ դրա մասին էլ խոսեց), իր խցի դռան ամեն շխկոցից ընկնավորած և դրսիններին օգնության կանչող պարոն Նիկոլը սահմանին կանգնած հայ զինվորի վարքն է հանրայնորեն կասկածի տակ դնում։ Չենք զարմանում և չենք էլ զարմանա, եթե Փաշինյանի ցուցումով հաջորդաբար գերեվարված տղաների դեմ քրեական գործեր հարուցվեն։ Կարևորը Փաշինյանի «էմոցիոնալ ֆոնի» կայունությունն է, ինչն էլ արդեն երկու օր է ապահովում են համացանցում բնադրված գազազած նապաստակները՝ քաջության մասին փոքրիկ շարադրություններով։

Գոհար Վեզիրյան  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ