...

Ղազ և զվարճալիք

Ղազ և զվարճալիք

«Մեկ» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում իշխանության բարձր դիրքեր ստացած նախկին փողոցային ակտիվիստները փորձեր են անում ՀՀ ՊՆ և Գլխավոր շտաբի արձանագրած ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը:

ՀՀ վարչապետը ոչ պատերազմական վիճակում որևէ կապ չունի ՀՀ զինված ուժերի հետ, չի ղեկավարում ՀՀ զինված ուժերը և որևէ օպերացիա իրականացնելիս ՀՀ զինված ուժերը չունեն որևէ պարտավորություն այդ մասին զեկուցել ՀՀ վարչապետին:

Այլ խոսքերով ասած, նա ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, և որևէ մասնակցություն և առնչություն չէր կարող ունենալ ՀՀ զինված ուժերի հաղթանակների հետ»:

«ՉԻ». Ճիշտն ասած, չէինք հիշում, ալարեցինք նայել, թե ինչպես էր կոչվում այս անձնավորության կուսակցության անվանումը: «Մեկը» հիշում էինք, և պետք է ասել, այդքանն էլ հերիք է, մանավանդ որ այն լավ էլ սազում է Արթուր Ղազինյանին:

Մենք էլ ասում ենք, Ապրիլյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը առանձնապես ակտիվ չէր: Որովհետև այդ պատերազմի հետ կապ չուներ: Ժամը մեկ զանգում էր Սեյրան Օհանյանին, հարցնում. «Ապեր, կասե՞ս, ինչ ա կատարվում Արցախում»: Սեյրան Օհանյանն էլ մի քանի բան պատասխանում էր, բայց լինում էին դեպքեր, երբ ասում էր. «Կներեք էլի, պրն Սարգսյան, բայց ես պարտավոր չեմ ձեզ դակլադ տալ, պետական գաղտնիք է, չեմ կարող հայտնել»: 

Մեր մեղքը ամենաշատը գալիս է ԵՊՀ-ն, որ այսպիսի կադրեր է տվել ու մինչև հիմա էլ սրանք համալսարանում ամուր գրկել են ամենայուղոտ ֆակուլտետները: Պապաներով, մամաներով դիպլոմի հարցեր են լուծել, դիպլոմ են ստացել՝ առանց տարրական գիտելիքներ և ամոթի զգացում ունենալու: 

Բայց ամենաուշագրավը Ղազինյանի այս գրառման տակ մի խոսակցություն էր: Մի օգտատեր գրել է, թե ինչու է ջնջում իրեն ոչ հաճելի մեկնաբանությունները, իսկ դրանք հարյուրներով էին, պետք է լսել այլոց կարծիքները: Ղազինյանը պատասխանել է՝ եթե հայհոյանք ու վիրավորանք չլինի, չի ջնջի: Մեկ ուրիշն էլ արձագանքել է. «Խի ուրիշ բաներ գրում ե՞ն»: Սա էլ՝ հանրության արձագանքի մասին:

Օրերս մի հատ պատիվ ունեցող մեկը սրճարանում Ղազինյանի հետ նստած, ֆոտոսեսիա էր անում ու հայրենիքը փրկելու հարցերի շուրջ զրուցում: Այնքան հետաքրքիր է, թե այդ թասիբով գեներալը ինչպես է վերաբերվում իր ապագա դաշնակցի մտքերին:

Հ.Գ. Ու մեկ էլ, Ղազինյանին տեսնող լինի, թող հարցնի. ինքը բանակում ծառայե՞լ է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ