«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Նիկոլ Փաշինյանն ինձ հիշեցնում է իր մասին մեծ կարծիք ունեցող, սակայն միջակ ուժերի տեր բռնցքամարտիկի, որը միայնակ մնալով բոքսի ռինգում, գազազած հարձակվում ու հարվածում է երևակայական հակառակորդներին:
Ինչու երևակայական, որովհետև ոչ մեկ չի ցանկանում նրա հետ մարտի մեջ մտնել, ներքևում նստած քմծիծաղ են տալիս ու վայելում մեկ դերասանի թատրոնի անտաղանդ սցենարիստի կողմից բեմադրված մենամարտը:
Ինքն իրեն հորինում է մրցակիցներ, տալիս նրանց անուններ ու կերպարներ, և անխնա հարձակվում ու ջախջախում է նրանց: Մի խոսքով, մանուկ տարիների երազանքների իսկական ասպետ:
Պետք է խոստովանեմ, որ շատ զվարճալի տեսարան է, կարելի popcorn վերցնել, հարմար տեղավորվել ու վայելել այս շոուն, քանի որ, հավատացնում եմ, սա համաշխարհային մակարդակով ԱՆՆԱԽԱԴԵՊ անիմացիոն ծրագիր է:
Ափսոս, որ երկար չի տևելու, արդեն սկսում է ձանձրացնել, շատ է կրկնվում, ուրիշ հերոսների անուն չգիտի, միշտ նույն հակառակորդներն են»:
«ՉԻ». Ուշագրավ է, որ Փաշինյանը երեկվա իր ելույթում անուններ չհնչեցրեց, բայց Ղազինյանը միանգամից ճանաչել է իր հերոսներին, հասկացել է, թե ում մասին է ակնարկում վարչապետը: Նախկինների հերթական քաղաքական պրոյեկտներից մեկի կորդինատորը հասկացել է, որ խոսքն իր քաղաքական հայրերի և զուգընկերների մասին է: Ըմբռնել է, որ կոշիկ լիզողները Քոչարյանը, Սարգսյանն ու Վանեցյանն են: Որպես քաջատեղյակ անձնավորություն՝ հասկացել է, որ եվրոպացիների կոշիկները լիզում է Սարգսյանը, ռուսներինը՝ Քոչարյանը, իսկ Վանեցյանին բաժին են հասել Կադիրովի կոշիկները:
Ինչ վերաբերում է ռինգին, ապա իր բերած օրինակը լավագույնս հենց իրենց է բնորոշում: Երկու տարի է՝ ռեժիմով ծեծ են ուտում, բայց գալիս են ֆեյսբուք ու մի աննկարագրելի կերպով սկսում են հոխորտալ, կարծես նոր չեն ենթարկվել նոկդաունի: Միայն ներքևում նստելու մասն է դժվար վիճարկել. իսկապես Քոչարյանը նստած է ԱԱԾ պադվալում, բայց դժվար թե ներկա իր կարգավիճակում քմծիծաղ տալու տրամադրություն ունի:
Ղազինյանը նաև պետք է հաշվի առնի, որ իր անունով կուսակցություն չեն բացել, որպեսզի պոպկոռն առնի և հետևի, թե ինչպես են «քացու տակ» գցում պատրոններին: Հաստատ առաջիկայում նրանից ավելի ինտենսիվ մասնակցություն կպահանջեն: Գոնե սպիտակ սրբիչ վերցնի և ժամանակ առ ժամանակ թափահարի, երբ ասենք Վանեցյանը հերթական անգամ հայտնվում է գետնին: