ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին խորհուրդ է տվել, թե ինչպես նվազագույնի հասցնել կորոնավիրուսից վարակվելու հավանականությունը և մասնավորապես ասել է. «Ի՞նչ է պետք անել. ոչ թե պետք է տեսնելուց չբարևել, այլ՝ չտեսնել իրար»:
«ՉԻ». Պարզվում է, լավ էլ համաճարակաբան է Էդմոն Մարուքյանը: Բավական խելացի խորհուրդներ է տալիս: Բայց այս անգամ չենք քննադատի նրան: Որովհետև ինքը լոռեցու տրամաբանությամբ է խորհուրդը տվել: Վստահ չենք, բայց թերևս ցանկացել է ասել, որ քաղաքացիները պետք է հնարավորինս քիչ շփվեն, իրար տուն չգնան՝ վարակվելու ռիսկից խուսափելու համար:
Բայց քանի որ ճիշտ չի ձևակերպել խորհուրդը, դրա համար էլ մի քիչ զվարճալի է ստացվել: Մարդիկ կմտածեն, որ ընկերոջը, բարեկամին, ազգականին տեսնելիս պետք է աչքերը փակել, կամ էլ՝ դիմակները մինչև աչքերը բարձրացնել, հետո՝ «վտանգը» անցնելուց հետո աչքերը բացել:
Մենք էլ մի խորհուրդ տանք՝ և ոչ միայն Էդմոն Մարուքյանին. թող քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված խորհուրդները տան առողջապահության համակարգի ներկայացուցիչները: Կամ էլ խորհուրդ տալուց մեջբերեք առողջապահության նախարարության, համաճարակաբանների արդեն հրապարակած կանոնները: Եվ մարդիկ ճիշտ կիրազեկվեն, և՝ դուք էլ անհարմար վիճակում չեք հայտնվի: