«Այսօր Հայաստանի պատմության ամենասյուռեալ օրերից մեկն էր։ Ոչ ոք 2018-ի մարտ-մայիսին չէր մտածի, որ հեղափոխության արդյունքում կգա մի օր, երբ Սերժ Սարգսյանը բարձրախոսով կդիմի ցուցարարներին, Լևոն Երանոսյանը դատարանի դիմաց ցույց կանի, Գալուստ Սահակյանը կսպասի ակցիայի պլակատներին, իսկ այդ ժամերին հեղափոխականները կպատրաստվեին, որ գնան ՔՊ-ի դրամահավաքին:
Մենք չենք երազել այսպիսի բաների մասին, մենք երազել ենք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ վերը նշվածներն արդեն իրողություն են»։
Ֆեյսբուքյան գրառման հեղինակը Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն է:
«ՉԻ» Չգիտենք, թե Արմեն Գրիգորյանից բացի քանի հոգի են երազել Սերժ Սարգսյանին տեսնել բարձրախոսով, բայց հաստատ նրանց թիվը շատ սահմանափակ կլինի: Մարդիկ երազել են, որ հանցագործները լինեն բանտում, այլ ոչ թե քաղաքական գործունեություն ծավալեն, թեկուզև ընդդիմադիր դիրքերից:
Մարդիկ երազել են, որ Լևոն Երանոսյանին տեսնեն ճաղերի հետևում, ոչ թե դատարանի բակում լրագրողի հարցերին քամահրական պատասխաններ տալիս:
Մարդիկ երազել են տեսնել Ռուբեն Հայրապետյանին պատժված և ոչ թե հոխորտալիս, որ ոտքերը մաքրելու է նրանց վրա:
Մարդիկ երազել են, որ օլիգարխներն այլևս չկարողանան ճնշել իրենց աշխատողներին և քշել Սերժ Սարգսյանի հանրահավաքներին:
Մարդիկ երազել են, որ Միքայել Մինասյանի մեդիակայսրության ձեռքբերման վերաբերյալ լինի հետաքննություն և ոչ թե այդ մեդիակայսրությունը հեղափոխությունից երկու տարի անց տեռորի ենթարկի ժողովրդին:
Մի խոսքով, շատ ինքնատիպ երազանքներ ունի Արմեն Գրիգորյանը և քանի դեռ շատ ուշ չէ, կարող է դիմել երազահանի օգնությանը: