...

Հա՞ որ

Հա՞ որ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Նախորդ բոլոր իշխանությունների օրոք ներքաղաքական պայքարում եղել է ատելություն, կատաղի պայքար, անձնական թշնամանք, գաղափարական սուր բախում, բայց չի եղել մի վիճակ, երբ համոզված լինես, որ իրականում արտաքին թշնամու դեմ ես կռիվ տալիս։ 

Նույնիսկ 90-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, այդպիսի ընկալում չի եղել։ Նրա մոտեցումներն Արցախի խնդրի լուծման ու Հայաստանի անվտանգային համակարգի մասին անընդունելի էին, բայց որևէ լուրջ մարդու մտքով չի անցել, որ ՀՀ 1-ին նախագահին աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը»:

Հա՞ որ: Որևէ լուրջ մարդու մտքով չի անցե՞լ: Հապա տեսնենք:

***

«2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ իշխանական հիմնական հակաքարոզչությունը իրականացվում էր թուրքական դրոշի օգնությամբ: Այն ժամանակ մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից և ապացուցվում, որ Տեր-Պետրոսյանը Թուրքիայի սրտով է, քանի որ մեր դարավոր թշնամին չի ուզի ՀՀ նախագահի աթոռին տեսնել Հայոց ցեղակրոնների առաջնորդին: Փաստարկներ էին բերվում, որ ահա՛ Տեր-Պետրոսյանն ուզում է ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից և այն թողնել սփյուռքին, և քանի որ դա ասվում էր Սերժ Սարգսյանին այլ լույսի ներքո ներկայացնելու նպատակով՝ ստացվում էր, որ իշխանության թեկնածուն էականորեն տարբերվում է իր հակառակորդից: «Ընտրություններն» ավարտվեցին և պարզվեց, որ Ս. Սարգսյանը ոչ միայն Տեր-Պետրոսյանին հակադիր կողմ չէ, այլև իր քաղաքականությամբ զարմացնելու էր նույնիսկ տերպետրոսյանական թիմին», 14. 04. 2009
 

****
«Լ. Տեր-Պետրոսյանը շատ է սիրում կրկնել, որ պետք է ապավինել սեփական ուժերին ու հույս չդնել այլոց վրա։ Սա էլ է դասագրքային ճշմարտություն, և այս առումով Տեր-Պետրոսյանի ասածները քննության առարկա չեն կարող լինել, բայց ճիշտ հակառակ բանն ենք տեսնում նրա առաջարկներում, քանի որ սահմանները բացելու և լավ ապրելու տերպետրոսյանական ճանապարհային քարտեզով դուրս է գալիս, որ Հայաստանը պետք է ապավինի ոչ թե ինքն իրեն, այլ մեր երկու հարևանների բարի կամքին:

Բաց սահմանները մեզ անհրաժեշտ են, բայց դրանց հասնելը չի կարելի դարձնել սևեռուն գաղափար ու ոչինչ չանել։ Ճիշտ հակառակը՝ աշխատելով ու արդյունավետ համակարգ ստեղծելով է հնարավոր բացել սահմաններն ու է՛լ ավելի զարգանալ։ Հակառակ տեսակետ ունեցողները կա՛մ անկեղծ մոլորյալներ են, կա՛մ թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող 5-րդ շարասյան գործառույթ իրականացնողներ», 08.10.2011թ.:

Ի՞նչ եք կարծում. ո՞վ է այս տողերի հեղինակը: Այո, այո, Անդրանիկ Թևանյանը: Նա, ով դեռ 2011 թվականին իր հոդվածներում Տեր-Պետրոսյանին համարում էր «թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող 5-րդ շարասյան գործառույթ իրականացնող», խոստովանում էր, որ 2008թ. նախագահական ընտրություններում քոչարյանական քարոզչամեքենան Տեր-Պետրոսյանին կապում էր Թուրքիայի հետ, հիմա ասում է, որ որևէ լուրջ մարդ նման բան չէր ասի: Ինչից ենթադրում ենք, որ արդեն լրջացել է: Կամ մոռացել է: Իսկ մենք չենք մոռացել, նման որակումները տասնյակներով, հարյուրներով են: 

Հ.Գ. Էս մեկը թեմայի հետ կապ չունի, բայց աչքներովս ընկավ, դիմանալու չի, չենք կարող չներկայացնել: Անդրանիկ Թևանյանն է, 2014թ. մարտի 1-ին գրել է. ««Մարտի 1»-ը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ագահության և նեոբոլշևիկյան մտածողության պատճառով։ «Մարտի 1»-ի պատվիրատուն հենց ինքն է»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ