...

Հանցագործության մասին հաղորդում Արա Զոհրաբյանի համար

Հանցագործության մասին հաղորդում Արա Զոհրաբյանի համար

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:

Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել:

Պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա ՎԵՐԱՑՐԵԼ Է ՀՔԾ որոշումը և ՀԱՐՈՒՑԵԼ Է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Դատախազության որոշման մեջ նշվել է՝ «Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»:

«ՉԻ». Հրանտ Բագրատյանի աչքը լույս: Լրիվ իր սրտով էր: Մեռավ էդ մարդը պահանջելով, որ ստուգեն Արմեն Սարգսյանի անցյալն ու ներկան: 

Ապրի Արա Զոհրաբյանը. անսաց Հրանտ Բագրատյանի հորդորներին: Նշանակում է՝ արդարության ջատագով է, լսում է ժողովրդի ձայնը:

Դե որ այդպես ժողովրդի ձայն լսող է Արա Զոհրաբյանը, թող մեզ էլ լսի, մի բան էլ մենք ասենք, հանցագործության մասին հաղորդում ներկայացնի:

Ուրեմն, Արա Զոհրաբյան ջան, մի մարդ կա, անունը չենք տալիս, էս մարդը ոչ Հայաստանում էր ապրել, ոչ հայերեն խոսել գիտեր, ոչ՝ հայերեն կարդալ, ոչ էլ՝ հայերեն մտածել: Մի օր էս մարդը ԺԵԿ-ից մի հատ թղթի կտոր է հանում, թե բա վերջին 10 տարին ես Հայաստանում եմ բնակվել: Սուտ. ոչ բնակվել էր, ոչ էլ՝ Հայաստանում տուն է ունեցել: Ավելին, հերիք չէ, այլ երկրում էր ապրում, նույնիսկ այդ երկրի ղեկավարն էր: Այսինքն՝ ԺԵԿ-ի տեղեկանքը կեղծ էր:

Բայց այդ մարդը՝ այդ կեղծ տեղեկանքով Հայաստանում զավթեց իշխանությունը: 
Բա հիմա սա հանցագործության մասին հաղորդում տալու մատերիալ չի՞, հը՞, պրն Զոհրաբյան: Էդ «Զարթոնք» է, ինչ է, այդ կուսակցությունը մի կողմ դիր, մեր ասածներով զբաղվիր: Այնքան հետաքրքիր բաներ կպարզվեն, դու էլ մեր փաստաբանական կանտորայում Հայկ Ալումյանին կստվերես: 

Մանավանդ, որ Արա Զոհրաբյանի այդ նորաստեղծ կուսակցությունը ազգային-քրիստոնեական է համարվում, իսկ այն մարդը, ում մասին պատմեցինք, ոչ միայն հավատացյալ չէ, այլ նաև ահավոր խրտնում է Ավետարանից: Դե, քեզ տեսնենք, մեր ազգային-սկզբունքային փաստաբան ապի: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ