ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում հանդիպել կամ համագործակցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե նրանց ժամանակին համարել է երկիրը թալանողներ, պատասխանել է. «Հիմա տեղին չէ այդ հարցը»:
«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ո՞ր հարցն է տեղին և ե՞րբ: Քաղաքականություն մտած անձը, այն էլ այնպիսին, որը հեղաշրջման հայտ է ներկայացնում, պետք է պատրաստ լինի պատասխանել ցանկացած հարցի, ցանկացած պահի և ցանկացած վայրում:
Չգիտենք, Վանեցյանը Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպի, թե՝ ոչ, բայց Քոչարյանի հետ հաստատ կհանդիպի ու լավ էլ լեզու կգտնեն, քանի որ նույն մտածելակերպն ունեն: Նա էլ է սովոր իրեն սպասարկող լրատվամիջոցներին նստեցնի դեմը ու ժամերով մենախոսի, իբր թե հարցազրույց է տալիս: Բայց որ սպանես, ոչ վերահսկելի լրատվամիջոցի հետ կյանքում մենակ չի մնա, որովհետև այնպիսի հարց կտան, լեզուն կուլ կգնա:
Շատ հիշարժան է այդ առումով 2007-ին տեղի ունեցած մի դեպք, երբ ԵՊՀ-ում Քոչարյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանում էր նախօրոք դզած-փչած հարցերին, մեկ էլ մի ուսանող անսպասելի նրան հարցրեց, թե արդյո՞ք իր լեգիտիմությունը բավարար է: Մի պահ Քոչարյանը կարկամեց, սառեց, հետո կատաղությունից կարմրեց, մի պահ թիկնապահներին ցանկանում էր կարգադրել, որ այդ ուսանողին տանեն մի տեղ քաշքշեն, վերջը հազիվ իրեն զսպելով՝ զայրացած պատասխանեց. «Բավարարում է, պրծա՞նք»:
Բայց միջի գեղցիությունն ու մանրախնդրությունն այն աստիճանի էին խորը, որ նրա հրահանգով Հանրային հեռուստատեսությունը այդ ուսանողի և նրա հոր մասին վիրավորական ռեպորտաժ էր պատրաստել: Մի հարցի համար: Էս է եղել Քոչարյանը ու կա:
Դրա համար ենք ասում, որ Վանեցյանն ու Քոչարյանն իրար լավ կհասկանան: Նույն արժեհամակարգի կրողն են, սիրում են պատասխանել միայն այն հարցերին, որոնց մասին նախօրոք գիտեն ու գիտեն, թե ովքեր են հարց տվողները: