Երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ երկու զինծառայող վիրավոր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս լրատվությունից որոշ ժամանակ անց սոցիալական ցանցերում սկսեցին տեղեկություններ շրջանառվել երրորդ զոհի մասին։
Պաշտպանության նախարարությունը լռում էր։ Միայն այսօր առավոտյան Հայաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Ի դեպ՝ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է 23։00-ից հետո, ամրագրված է երկու զոհերի, երկու վիրավորների մասին։ Հայտարարությամբ արտաքին գործերի գերատեսչությունն ամրագրել է․ «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը»։ ԱԳՆ-ն առաջարկել է իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներ՝ հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:
Ինչ վերաբերում է ՊՆ արձագանքին, ապա գերատեսչության ներկայացուցիչներն երեկ ողջ օրը զբաղված էին օրենսդրական նախաձեռնության քննարկումով, թե մահացած ու անհետ կորած զինվորների հարազատներից է՛լ ում կարելի է փոխհատուցվող գումարը տալ, եթե նրանք հայր, մայր, կին ու երեխա չունեն։ Որոշեցին, որ քույրերն ու եղբայրներն էլ կարող են ընդգրկվել այդ ցանկում, անգամ զագս չունեցող կողակիցը, եթե իհարկե նրանք համատեղ երեխա ունեն։ Եվ մինչ ՊՆ-ականները ԱԺ պաշտպանության հանձնաժողովում նստած զրույց էին անում, հակառակորդը պատրաստվում էր գործողությունների։ Ընդգծենք, որ մինչ այս պահը ոչ ՊՆ-ն, ոչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գոնե ֆեյսբուքյան ստատուսի տեսքով չեն դատապարտել տեղի ունեցածը։ Կառավարության մնացած անդամներն էլ ծպտուն չեն հանել, ԱԺ-ի ՔՊ-ականներն էլ․ կարծես ոչինչ չի կատարվել, կամ կատարվածը օրինաչափ է, հարկ չկա դրան որևէ ձևով անդրադառնալ։ Դե ի՞նչ է եղել՝ սահմանային հերթական լարվածությունն է, ցավոք, դարձյալ մահվան ելքերով, բայց սա հո չե՞ս կարող համեմատել Փաշինյանին թթու խոսք ասելու հետ։ Այ, եթե մեկը հանդգներ Փաշինյան ազգանվան կողքին դավաճան կամ կապիտուլյանտ մակդիրները դնել, ապա արձագանքը համարժեք հուժկու կլիներ։
Իսկ հիմա մեզ մնում է ցավակցել սպանված զինվորների հարազատներին, ընկերներին, առհասարակ մեզ բոլորիս։ Ցավակցել՝ սթափ գիտակցելով, որ կորցնում ենք լավագույն երիտասարդներին, որ անիշխանության այս մթնոլորտը մեզ էլ առաջվա պես չի դաղում, որ մենք համակերպվել ենք, որ այս է Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ Պետք է գործելուց առաջ առերեսվել իրականությանը, որքան էլ այն ցավոտ լինի։
Գոհար Վեզիրյան