«Էս հանքի և ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար, պետական սահմանը հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել անցակետ: Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակներից ելնելով»,- ասաց նա: Գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքով` այդ խնդրի իրականացման հարցում Հայաստանի զինված ուժերն ընդգրված չեն եղել, աշխատանքներն իրականացվել են ռուսական ընկերության նախաձեռնությամբ և ուժերով:
Սա ինչ-որ քաջատեղյակ օգտատիրոջ գրառում չէ, սա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի բացատրությունն է այն մասին, թե ինչ է կատարվում Սոթքում:
«ՉԻ». Արդեն պարզ է, չէ՞, թե ինչպես էր ստացվել, որ հոկտեմբերի կեսերին Փաշինյանը գրում էր՝ Տիրան Խաչատրյանն իրեն լավագույնս է դրսևորում ռազմաճակատի հարավային հատվածում, և հիմա պատերազմի մեջ բեկում է մտցվում: Երևի զեկուցել է՝ շեֆ, ամեն ինչ նորմալ է, դիմացի բլուրը վերցրել ենք, հաստատ դրանից հետո կշրջապատենք թշնամուն և կապիտուլյացիա կպարտադրենք: Շեֆն էլ շտապեց այդ մասին տեղեկացնել հասարակությանը, որպեսզի ժողովուրդը հավատա միայն պաշտոնական լուրերին:
Ի՞նչ է նշանակում ցանկապատում հանքի եզրագծով, ի՞նչ է նշանակում մասնավոր ընկերությունը անցակետ տեղադրի: Եվ ամենակարևորը. այդ ամենը արվել է առանց պետության մասնակցության, մասնավոր ընկերության նախաձեռնությամբ և ուժերով:
Իսկ եթե մասնավոր ընկերությունը որոշեր, որ ցանկանում է գործունեություն տարածել Ադրբեջանի կազմում, թույլատրելո՞ւ էիք՝ սահմանը գծվեր այնպես, որ «Գեոպրոմայնինգ» ռուսական կազմակերպությունը ամբողջովին հայտնվեր թշնամու տարածքում:
Ինչո՞ւ 15 օրերի ընթացքում խրամատներ չեն փորվում Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններում: Ինչո՞վ է զբաղված պետությունը և բանակը: Ոչ թե պետք էր օր առաջ վերանորոգել կառավարության, խորհրդարանի կամ կառավարական առանձնատների շենքերը, այլ փորել ու փորել սահմանի երկայնքով, որպեսզի թշնամին առանց արգելքի չհասներ և ուլտիմատումներ չներկայացներ:
Եթե բանակից մնացել է միայն Ավանի վարչական շրջանում գտնվող շենքը, այդպես էլ հայտարարեք, թող ժողովուրդը իր գլխի ճարը տեսնի: Ֆիդայական շարժման մեծ փորձ ունեցող հանրություն ենք, մի բան կմտածենք:
Ի վերջո, չենք զարմանա, որ կազմակերպությունը հանդես գա հայտարարությամբ առ այն, որ իրենք նախընտրում են իրենց գործունեությունը շարունակել Ադրբեջանի կազմում և մի նոր ցանկապատ հիմա էլ կառուցեն Հայաստանի հետ: Ի՞նչ պետք է անի իշխանությունը, հո դեմ չի՞ գնալու ռուսական կազմակերպությանը:
Եվ ընդհանրապես հասկանալի է, չէ՞, թե ինչու ադրբեջանցիները գերի չեն վերցրել կազմակերպության աշխատակիցներին: Մի պարզ պատճառով. կազմակերպությունը ռուսական է, հայկականի դեպքում այդ մարդիկ լրիվ ուրիշ ճակատագրի կարժանանային: